Մատչելիության հղումներ

Տարածաշրջանում պետք է կայուն խաղաղություն հաստատվի. գերմանացի օրենսդիր


Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն այսօրվա հանդիպմանն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը, հայտնում են ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը Միխայել Ռոթին է ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա խնդիրներ, որոնք հետևանք են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության: Ընդգծելով դրանց հանգուցալուծման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է այդ մոտեցումն Ադրբեջանի կողմից փոխադարձելու և սեփական հանձնառությունները կատարելու հրամայականը», - ասված է հաղորդագրության մեջ:

Գերմանացի պաշտոնյանին ընդունել է նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Վերջինս շեշտել է՝ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. «Մենք ջանքեր ենք գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման ու սահմանային անվտանգության ուղղությամբ»:

ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ հայտարարել է՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ:

Միխայել Ռոթը համաձայնել է հայ խորհրդարանականների այն տեսակետի հետ, որ տարածաշրջանում պետք է կայուն խաղաղություն հաստատվի: Նա կարևորել է թե՛ Եվրամիության, թե՛ Գերմանիայի կառավարության աջակցությունը գերիների՝ շուտափույթ հայրենիք վերադարձի ապահովման հարցում, ինչի մասին բարձրաձայնել է Արշակյանը։

Նրանք քննարկել են նաև Լաչինի միջանցքի հարցը. Ռոթը նշել է, որ մի քանի անգամ հանրայնորեն քննադատել է միջանցքի շրջափակումը և անընդունելի է համարում, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը չի հարգվում: «Կարծում եմ՝ այն պետք է անհապաղ իրագործվի, և միջանցքը բացվի: Հայ բնակչությունը ԼՂ-ում պետք է շարունակի ապրել անվտանգ, պետք է ապահովվի նրանց անվտանգությունը և իրավունքները, չհանդուրժվի որևէ էթնիկ զտման վտանգ»,- կարծիք է հայտնել գերմանացի օրենսդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG