Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը Սոչիում բանակցություններ են վարել, հայտնում են ռուսական կառավարությունից։
Հանդիպման սկզբում ՌԴ կառավարության ղեկավարը Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները։
«Մենք անկեղծորեն գնահատում ենք մեր եղբայրական հարաբերությունները, դրանք ռազմավարական և դաշնակցային բնույթ են կրում»,- ընդգծել է ՌԴ կառավարության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների զարգացման դինամիկան և, մասնավորապես, գործարար համագործակցությունը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել փոխադարձ առևտրի և ներդրումային ակտիվության աճի վրա։
«Մենք շատ լավ դինամիկ ունենք, և ես շատ ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում: Նախորդ տարի մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է ակտիվացնել տնտեսական կապերը, և նայելով արդյունքներին՝ ես արձանագրում եմ, որ այն, ինչի մասին մենք խոսել ենք, մեծ մասամբ կյանքի է կոչվել», - արձանագրել է Միշուստինը։
Սոչիում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։
Միխայիլ Միշուստինը նշել է միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, որի շնորհիվ ընդլայնվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերությունը։
Ռուսաստանը շահագրգռված է նոր համատեղ նախագծեր սկսել էներգետիկայի, հանքարդյունաբերության, թվայնացման և ագրոարդյունաբերության ոլորտներում, ասել է ՌԴ վարչապետը։
Նա նաև շեշտել է՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան՝ համակարգված աշխատանք է տարվում Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ, ստեղծվում են ենթակառուցվածքային նոր ուղիներ։
Հայաստանի վարչապետը նշել է այն շոշափելի առաջընթացը, որը, իր կարծիքով, ձեռք է բերվել վերջին հանդիպման ժամանակ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու նման աշխատանքը և իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները։