Մատչելիության հղումներ

Եթե մեր հայրենակիցների իրավունքներն ու անվտանգությունը չապահովվեն, խաղաղություն չի լինի. իշխող ուժից արձագանքում են Բաքվին


Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում հիմնական խոչընդոտներն են՝ «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում Հայաստանի անօրինական ռազմական ներկայությունը, Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության միջև երկխոսության խոչընդոտումն ու Ադրբեջանի ներքին գործերին Երևանի միջամտությունը». հայտարարության հեղինակը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն է։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են, բայց Բաքուն Երևանից ակնկալում է քաղաքական կամք՝ լուծելու տարաձայնություններն այդ երեք ուղղություններով։

Բաքվի այս հայտարարությունը հնչում է 5 օրից Վաշինգտոնում սպասվող արտգործնախարարների հերթական հանդիպման նախաշեմին։ Ադրբեջանը Ղարաբաղն է համարում իր «ներքին գործը», իսկ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության Երևանի առաջարկին արձագանքում, թե հարցը մտադիր չեն քննարկել ոչ մի երկրի հետ։ «Կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ այլ բնակավայր գտնեն», - մի առիթով ասել էր այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

Հայաստանի արտգործնախարարությունը դեռ չի արձագանքել Բաքվի վերջին պահանջներին։

Հայաստանի Հանրապետությունը զինված ուժեր չունի Լեռնային Ղարաբաղում. պատգամավոր

Բանակցություններին ընդառաջ Ադրբեջանի նման գործելաոճը նորություն չի համարում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար կազմի՝ վարչության անդամ Արսեն Թորոսյանը, հիշեցնելով, որ սադրանքների ու ուժի կիրառման էլ է Բաքուն գնացել՝ անհամաչափ զիջումների ակնկալիքով։

«Սկսած նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժեր չունի Լեռնային Ղարաբաղում, վերջացրած մյուս կետերով, և ներքին գործերի մասին չի խոսքը, այլ մարդու իրավունքների և անվտանգության, այս դեպքում կոնկրետ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության մասին», - ասաց նա։

«Իրականում մենք ոչ թե խոչընդոտում ենք, այլ հակառակը՝ ասում ենք, որ պետք է լինի այդ խոսակցությունը՝ երկխոսությունը, և այն պետք է լինի հնարավորինս թափանցիկ, որպեսզի այնպես չստացվի, որ մի կողմը, ուժեղ լինելով, իր ռազմական, տնտեսական պոտենցիալով ճնշի մեկ ուրիշ կոմին։ Դրա համար ենք ասում, որ պետք է լինի միջազգային դիտարկման տակ կամ միջազգային մեխանիզմի ներքո», - հավելեց Արսեն Թորոսյանը. - «Քանի որ մենք այդ միջազգային մեխանիզմի սահմանումն ու պարամետրերն այս պահին չունենք, մենք չենք կարող ասել՝ եթե սա չլինի, ապա ոչինչ չի լինի, բայց մի բան ակնհայտ է, որ եթե մեր հայրենակիցների իրավունքներն ու անվտանգությունը չապահովվեն իրենց հայրենիքում խաղաղության համաձայնագրից առաջ կամ հետո, ապա խաղաղություն չի լինի պարզապես։ Ես նաև վստահ եմ, որ միջազգային հանրությունն է դա հասկանում»։

«Ազատության» հարցադրմանը՝ Երևանը ձգտում է, միջազգային հանրությունը կարևորում է, այնուհանդերձ խաղաղության պայմանագիրը կարո՞ղ է կնքվել առանց այդ մեխանիզմների, գոնե պայմանավորվածության, Երևանը դրան կհամաձայնի՞, պատգամավորն արձագանքեց. - «Այդպիսի բազմաթիվ անհայտներով հավասարումների լուծումը այդքան հեշտ չի հասնել, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց մի բան մեզ համար ակնհայտ է, որ եթե այդ հարցը չի հասցեագրվում, ապա կնքենք, չկնքենք, խաղաղություն չի լինելու, հետևաբար իմաստը ո՞րն է կնքելու»։

Վերջնագրերի լեզուն բանակցությունները փակուղի է տանում, ասաց Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ Ադրբեջանի այս վերջին ակնկալիքները կարդարանա՞ն։

Բաքվի այս պահանջները նույնպես Նիկոլ Փաշինյանի թիմը կարող է կատարել. չի բացառում ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանը

Բաքվի այս պահանջները նույնպես «Նիկոլ Փաշինյանի թիմը կարող է կատարել», չի բացառում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Արբահամյանը. - «Եթե Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, մնացած հարցերն ... են, և այս իշխանությունների պարագայում որևէ խոչընդոտ, ցավոք, չեն առաջացնելու»։

Բայց Բաքվի ամեն պահանջի կատարմանը, կարծում է ընդդիմադիր պատգամավորը, նորանոր ցանկություններ են հետևելու։

«Առհասարակ կապ էլ չունի, թե Հայաստանը այս ընթացքում կունենա՞ գրավոր արձանագրված պայմանավորվածություն, թե՞ չէ։ Որքան հայաստանյան իշխանությունները ընկրկելու են Բաքվի պահանջներին և շանտաժին, այնքան այդ պահանջները գնալով աճելու են, և դրա վառ ապացույցը նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչ միայն Ադրբեջանն իր մասով չի կատարել, այլ նաև հանդես է եկել բազմաթիվ այլ պահանջներով, որոնք հայաստանյան իշխանությունները կատարել են», - ասաց նա։

Հարցին, թե Հայաստանն ունի՞ դիմակայելու ռեսուրս, չկատարելու այդ պահանջները, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. - «Կան քայլեր, որոնք կարելի էր ձեռնարկել գոնե հետպատերազմյան ժամանակահատվածում՝ որոշակի բալանս պահպանելու, այդպիսի իրավիճակում չհայտնվելու համար։ Այն իշխանությունը, որը ոչինչ չի տեսնում անելու, պարզապես չունի այլ բան, քան թողնելու և հեռանալու»։

Ի դեպ, իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանի տեղեկություններով՝ Միրզոյան - Բարյամով հունիսի 12-ին մեկնարկող բանակցությունները նախորդի նման կարող են մի քանի օր տևել։ Արտգործնախարարությունն առայժմ հստակ տևողություն չի նշել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG