Մատչելիության հղումներ

Օտարերկրյա քաղաքացիները Վանաձորի համայնքապետարանում ավելի քան 650 միլիոն դրամի գույքահարկի պարտք ունեն


Օտարերկրյա քաղաքացիները Վանաձորի համայնքապետարանում գույքահարկի պարտք ունեն. նրանք դեռ 3-4 տարի առաջ Ղազախստանից եկել, իբրև Վանաձորի փաստացի բնակիչ ավտոմեքենա են գնել, համատիրություններից ստացած տեղեկանքների հիման վրա հայկական պետհամարանիշ ստացել ու մեկնել իրենց երկիր։ Դրանից հետո իրենց անուններով ու Վանաձորի, այսպես ասած, փաստացի բնակության հասցեով գույքահարկի միլիոնների պարտք է գոյացել, բայց Վանաձորի համայնքապետարանում նրանց գտնելու որևէ հույս չունեն։

Վանաձորի համայնքապետարանի Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տվյալներով՝ օտարերկրյա քաղաքացիներն ավելի քան 650 միլիոն դրամի գույքահարկի պարտք ունեն։ 2018 թվականից հետո հիմնականում Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքացիների համար շահեկան էր Հայաստանում ավտոմեքենա մաքսազերծել։ Մաքսազերծել են, հայկական պետհամարանիշ ստացել ու վերադարձել իրենց երկրներ՝ դրանք անարգել շահագործելու։ Դրանից հետո մոռացել են Հայաստանն ու պետության նկատմամբ ունեցած պարտքը։ Արդյունքում գոյացած ավելի քան կես միլիարդ դրամ պարտքը Վանաձորի համայնքապետարանում անհուսալի ապառք են համարում, որ տույժ ու տուգանքների հաշվին ձնագնդի պես մեծանում է տարիների ընթացքում, ասում է բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Այվազյանը։

«Իրենց երկրներում մաքսային արժեքը բարձր էր, իսկ Հայաստանում նույնն էր մնացել, արդեն ԵԱՏՄ օրենքների փոփոխությունների ժամանակ Հայաստանում մաքսազերծելն ու տանելն էժան էր, դրա համար այլ երկրներից գալիս էին և Հայաստանում էին մաքսազերծում իրականացնում, մեքենան իրենց համար ավելի էժան էր լինում և հայկական համարներով տեղափոխում էին այլ երկիր վարելու», - ներկայացրեց Այվազյանը:

Ինչպե՞ս են օտարերկրյա քաղաքացիները, որոնք երբևէ չեն բնակվել Վանաձորում, հաջողացրել ավտոմեքենան իրենց անունով գրանցել, հայկական համարներ ստանալ, եթե օրենքով միայն Հայաստանի փաստացի բնակիչները կարող են օգտվել այդ հնարավորությունից։ Պարզվում է՝ դա համատիրությունների միջոցով է հնարավոր դարձել։ Այստեղ կեղծ տեղեկանք են ստացել, իբրև թե փաստացի բնակվում են այս կամ այն հասցեում։ Այդ տեղեկանքը ներկայացրել են ճանապարհային ոստիկանություն, ստացել համարանիշն ու մեկնել Հայաստանից՝ անվերադարձ։

«Հասցեներ կան, որ մի հասցեի վրա 7, 800 հոգի է գրանցված, 7, 800 մեքենա կա և այդ մեքենաներն էլ արդեն մի մասը վճարվում է դուրս է գալիս, մի մասը մնում է», - նշեց Արմեն Այվազյանը:

Օրինակ՝ Վանաձորի «Կենտրոն» համատիրության նախագահ Տարոն Ֆարմանյանի Վանաձորի մեկ սենյականոց բնակարանում 569 օտարերկրացի պարտապան կա։ Դեռ 2021 թվականին դատարանը մեղադրել է Ֆարմանյանին «միասնական դիտավորությամբ, շարունակաբար, փաստացի բնակության վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և կեղծ տեղեկանք տրամադրելու համար»: Բայց նա չի դատապարտվել։ Դատարանը պաշտոնական կեղծիքը համարել է «ոչ մեծ ծանրության հանցագործություն» և երկու տարվա պատմություն ունեցող գործը կարճել վաղեմությունն անցնելու հիմքով։

Այսօր Տարոն Ֆարմանյանը դեռ շարունակում է ղեկավարել Վանաձորի «Կենտրոն» համատիրությունը, չնայած ապրում է Երևանում։ «Ազատությանը» հեռախոսով ասաց՝ այդ հազարավոր օտարերկրացիները, որոնցից մոտ 600-ը հենց ի՛ր հասցեով են տեղեկանք ստացել, օրավարձով են ապրել ու ինքն իրավունք ուներ նրանց փաստացի բնակության մասին տեղեկանք տալ։ Չնայած դատարանի որոշմանը, օրինական է համարում իր գործողությունները։

«Օրենքը թույլ է տվել, որ մարդը գա, ապրի մի քանի օր. օրավարձով տուն է վարձել, ապրել է, դրա համար էլ ստացել է տեղեկանք, որտեղ որ ապրում է: Էդ 2-3 տարվա ընդհանուր պատմություն է», - ասաց Ֆարմանյանը:

Եթե դատարանը Ֆարմանյանի գործողությունը որակել է որպես ոչ մեծ ծանրության ու կարճել, Վանաձորի «Մուշ» համատիրության նախագահի ճիշտ նույն արարքը նույն դատարանը համարել է «հանրության համար վտանգավոր» և նրան տուգանել 200 հազար դրամով։ Նույնատիպ հանցանքի համար անցած տարի դատապարտվել է նաև Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանի աշխատակիցը և տուգանվել 550 հազար դրամով։

Հայտնի չէ՝ պաշտոնյաները կեղծ տեղեկանքները գումարի դիմաց են տվել օտարերկրացիներին, թե՞ ոչ, բայց Վանաձորում տեղեկություններ են շրջանառվում, թե դրանք 100 դոլար են արժեցել։ Վաղեմության հիմքով պատժից ազատված «Կենտրոն» համատիրության նախագահն այսօր հերքեց։

Վանաձորի համայնքապետարանում ասում են, որ օտարերկրացի պարտապանների ցանկն այլևս չի մեծանում։ Հայաստանի փաստացի բնակության մասին տեղեկանքներով այլևս հայկական պետհամարանիշեր չեն տրամադրվում, իսկ տարբեր համայնքներում եղած պարտքը մարելու հարցով կառավարությունն է զբաղվում։

«Ձևավորված հանձնաժողով կա փոխվարչապետի գլխավորության մակարդակով, որոնք համագործակցում են Ղազախստանի իշխանությունների հետ և այն մեքենաները, որոնք այնտեղ արդեն գույքահարկ վճարել են, այստեղ պետք է գույքահարկի վճարումից ազատվեն, որպեսզի կրկնակի հարկումից խուսափեն», - նշեց Այվազյանը:

Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյան ասում է՝ Ղազախստանից արդեն 161 միլիոն դրամի վճարման մասին տեղեկանք են ստացել։ Եթե Հայաստանի կառավարությունը թույլ տա, Ղազախստանի քաղաքացիների Վանաձորի նկատմամբ ունեցած 161 միլիոնի պարտքը կարող են փակված համարել, թեև այդ գումարը ոչ թե Հայաստանի, այլ Ղազախստանի բյուջե է մտնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG