Մատչելիության հղումներ

Իրավիճակը, չնայած դժվարություններին, զարգանում է կարգավորման ուղղությամբ. Պուտին


Իրավիճակը, չնայած դժվարություններին, զարգանում է կարգավորման ուղղությամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև մնացյալ հարցերը տեխնիկական բնույթ են կրում և հաղթահարելի են, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպման մեկնարկին։

«Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, չնայած բոլոր դժվարություններին և խնդիրներին, որոնք դեռ բավականաչափ են, ընդհանուր առմամբ իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ», - հայտարարել է Կրեմլի ղեկավարը՝ առանց հավելյալ մանրամասների, միայն նշելով, որ դրանք «զուտ տեխնիկական բնույթ են կրում»։

Պուտինի խոսքով՝ «հարցը տերմինաբանության մեջ է»։

«Իհարկե, այդ տերմինների հետևում պետք է լինի ճշգրիտ պատկերացում այն իրողությունների և իրադարձությունների մասին, որոնք կհետևեն համապատասխան փաստաթղթերի ստորագրմանը, բայց մեր կարծիքով՝ նկատի ունեմ բոլորիս՝ և՛ Ադրբեջանի նախագահի, և՛ Հայաստանի վարչապետի, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են։ Մեծ հաշվով՝ դրանք գոյություն չունեն, զուտ տեխնիկական հարցեր են»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը։

Կրեմլի ղեկավարն առաջարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերին մեկ շաբաթից հանդիպել և վերջնական տեսքի բերել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված մնացած հարցերը։

Հանդիպմանը Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում, հաղորդում է Հայաստանի կառավարությունը։

Ադրբեջանի նախագահի գրասենյակը եռակողմ բանակցությունների արդյունքների մասին չի հաղորդում, միայն տեղեկացրել է, որ տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մակարդակով հանդիպում։ Այն հյուրընկալող Վլադիմիր Պուտինը մինչ այս առանձին հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայաստանն իսկապես շահագրգռված է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում, երկկողմ հանդիպմանը շեշտել է Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է սկսել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ հիմնված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և իրավասության վրա։

XS
SM
MD
LG