Մոսկվայում այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում վեճ ընթացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց նիստին հրավիրված Ալիևի ելույթին, որի ընթացքում նա օգտագործել էր «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Հայաստանի ղեկավարը, ընդհատելով Ռուսաստանի նախագահին, ասաց. - «Ադրբեջանի նախագահը իր ելույթում օգտագործեց մի արտահայտություն, որը վերջին տարիներին ծառայում է որպես խորագիր Հայաստանին տարածքային նկրտումներ ներկայացնելու համար։
Ցանկանում եմ նշել, որ դա արվում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի շրջանակում։ Ընդգծեմ, որ այդ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, դա Լաչինի միջանցքն է, որը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց, ցավոք, Ադրբեջանի կողմից անօրինական շրջափակման մեջ է։ Մյուս կողմից՝ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը, որոնք անցնում են Հայաստանի տարածքով։ Դա մենք անվանում ենք հայկական խաչմերուկ, և մենք պատրաստ ենք բացել տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության և օրենքների համաձայն»։
Ադրբեջանի նախագահն, իր հերթին, արձագանքեց Փաշինյանին. - «Ես, իհարկե, չեմ ուզում բանավեճ սկսել, բայց քանի որ մեզ ուղղված մեղադրանք հնչեց, թե մենք տարածքային նկրտումներ ունենք Հայաստանի նկատմամբ, ցանկանում եմ նշել, որ նման նկրտումներ մենք չունենք, պետք է շատ վառ երևակություն ունենալ իմ խոսքերում նման բան նկատելու համար։ Ինչ վերաբերում է միջանցք բառին, որը ես օգտագործել եմ, այդ բառը ես «Հյուսիս-Հարավ, ինչպես նաև «Արևելք-Արևմուտք» միջանցքի մասին մասին էլ օգտագործում եմ, դա միջազգային տերմին է։ Կարծում եմ՝ մարդիկ, որոնք ծանոթ են միջազգային տերմինաբանությանը, չէին տա այդ բառին այն իմաստը, որ տալիս է Հայաստանի վարչապետը»։
Նիկոլ Փաշինյանը նշելով, որ Լաչինի միջանցքը բաց չէ, կարևորել է, որ միջազգային առաքելություն ուղարկվի և՛ Լաչինի միջանցք, և՛ Լեռնային Ղարաբաղ, որտեղ անցած դեկտեմբերից հումանիտար ճգնաժամ է։
Նիստի ընթացքում Հայաստանի վարչապետը հայտարարել է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։
Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչը հնարավոր է դարձրել «դուրս գալ խաղաղության համաձայնագրի»։ Նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։
Ռուսաստանի նախագահն Վլադիմի Պուտինն էլ ասել է, որ կարևորը սկզբունքային հարցում՝ տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցում համաձայնություն կա, իսկ մյուս մանրամասները կշարունակեն քննարկել եռակողմ հանդիպմանը։