ԱՄՆ անվտանգության տեսախցիկները ֆիքսել են սև զգեստներով ու գլխարկով մի տղամարդու, ով մետաղա ձողը ձեռքին երկուշաբթի լույսը դեռ չբացված մոտենում է Նյու Յորքում գտնվող «Թուրքական տան» շենքին ու ջարդում առաջին հարկի պատուհանները։
ՄԱԿ-ի շենքի հարևանությամբ գտնվող այդ երկնաքերը բացվել է 2021-ին։ Այստեղ են տեղակայված նաև ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը և Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը։ Այստեղ է կազմակերպվել Նյու Յորքում բնակվող Թուրքիայի քաղաքացիների քվեարկությունը, որոնք մայիսի 20-ից մինչև երեկ քվեարկել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։
Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ռեյհան Օզգյուլն ասել է, որ ժամը 03։15-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներ չկան, շենքին նյութական վնաս է պատճառվել, ջարդվել են 12 լուսամուտների ապակիները և դուռը։ Նա ասել է, որ միջադեպը ազդեցություն չի թողել Նյու Յորքում բնակվող Թուրքիայի քաղաքացիների նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության վրա։ «Թուրքական տանը» քվեարկությունը շարունակվել է։
Միջադեպից հետո Նյու Յորքի ոստիկանությունը ուժեղացրել էր «Թուրքական տան» անվտանգության ապահովումը։ Երկուշաբթին դրսում բնակվող Թուրքիայի քաղաքացիների քվեարկության վերջին օրն էր։
Չնայած տեսագրություններում ուրիշ մարդ չի երևում, Նյու Յորքի ոստիկանական ծառայության համայնքային համակարգող Էրհան Յըլդըրըմը ասել է, թե հարձակումը կարող է իրականացված լինել մեկից ավելի անձերի կողմից։ Նա նշել է, որ շենքը 24 ժամ վերահսկվում է անվտանգության տեսախցիկներով։
ՄԱԿ-ը և Միացյալ Նահանգնները դատապարտել են «Թուրքական տան» վրա հարձակումը։ ՄԱԿ-ը հայտարարել է, որ դիվանագիտական առաքելություն թիրախավորած ցանկացած հարձակում անընդունելի է։
Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով միջադեպի մասին հարցին, ասել է․ - «Իհարկե, մենք տեսել ենք Նյու Յորքում «Թուրաքական տան» վրա վանդալիզի մասին հաղորդագրությունները։ Կարող եմ ասել, որ պետդեպարտամենտի դիվանագիտական անվտանգության ծառայությունը տեղի իրավապահների հետ աշխատում է հետաքննության վրա։ Մենք դատապարտում ենք վանդալիզմը։ Միացյալ Նահանգներում դիվանագիտական առաքելությունների դեմ բռնությունը պատժելի հանցագործություն է»։
Հարց տված լրագրողը շարունակելով թեման ասել է, որ թուրք դիվանագետների և դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումները երկարամյա պատմություն ունեն, ասել է նաև, թե Լոս Անջելեսում մենք դիվանագետ ունեինք, որը «սպանվեց հայկական ԱՍԱԼԱ ահաբեկչական խմբի կողմից», և հարցրել, թե Նյու Յորքի միջադեպի հետ կապված արդյոք կարող են պարզել ինչ-որ պլանների, դավադրությունների և սպառնալիքների հնարավորություն ԱՄՆ-ում թուրքական դիվանագիտական առաքելությունների դեմ։
Մեթյու Միլլերը պատասխանել է, որ ավելացնելու լրացուցիչ մանրամասներ չունի, մեկնաբանությունները թողնում է իրավապահ մարմիններին, տվյալ դեպքում Նյու Յորքի ոստիկանությանը։
Թուրքական «Դեյլի Սաբահը» նշում է, որ Պետդեպարտամենտի խոսնակը միջադեպը չի կապել քրդական ահաբեկչական կազմակերպությունների հարձակումների հավանականության հետ։
Մինչդեռ Թուրքիայի նախագահը ասել է, թե Նյու Յորքում «Թուրքական տան» վրա ահաբեկիչ է հարձակվել։ Անցած երկուշաբթի Ստաբուլում նա հանդիպում է ունեցել Օսմանյան կայսրության փլուզումից հետո Եվրոպայից Անատոլիա տեղափոխված թուրքերի ժառանգների մի խմբի հետ և այդ հանդիպմանը ասել է, որ Եվրոպայում, հիմա էլ Ամերիկայում Թուրքիայի ընտրությունների վրա ահաբեկիչներ են հարձակվում։
«Եվրոպայում Քրդական աշխատավորական կուսակցությունը, զգալով, որ գործերը վատթարանում են, սկսել են հարձակվել ընտրողների վրա, հավանաբար տեսնելով, որ այդ ընտրողները կողմ են «Ժողովրդական դաշինքին» և հարձակվում են նրանց վրա։ Ավելին, Ամերիկայում նրանք հիմա հարձակվել են «Թուրքական տան» վրա, որը գտնվում է ՄԱԿ-ի շենքի հենց դիմաց ու ջարդել են պատուհանները։ Հիմա մենք չենք կարող չասել Ամերիկայի իշխանություններին և անվտանգության ուժերին՝ դուք պետք է շուտափույթ գտնեք այդ ահաբեկչին և պետք է անեք՝ ինչ անհրաժեշտ է։ Հետաքրքիր է, եթե նման միջադեպ տեղի ունենար Թուրքիայում, դուք ինչպե՞ս կարձագանքեիք»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս, դատապարտելով միջադեպը, Թվիթերում գրել է․ «Այսօր նողկալի հարձակում է իրականացվել Նյու Յորքի «Թուրքական տան» վրա։ Իմ մտքերը գործընկերներիս հետ են, որոնք արտասահմանում տքնաջան աշխատում են Թուրքիայի համար, ներառայլ այս ընտրական շրաջանը»։
Նա ասել է, որ Թուրքիան ակնկալում է հարձակման հեղինակների անհապաղ բացահայտում։
Երեկ ավարտեց արտասահմանում թուրք ընտրողների քվեարկությունը։ Նրանց ընդհանուր թիվը 3 միլիոն 400 հազար է, մեծ մասը բնակվում է Եվրոպայում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում։ Նախագահական երկրորդ փուլին դրսում մասնակցել է ավելի քան 1,5 միլիոն ընտրող։ Առաջին փուլում Թուրքիայի սահմաններից դուրս ընտրողների մեծամասնությունը քվեարկել էր Էրդողանի օգտին։