Այս գիշեր Բելգորոդի մարզի Բորիսովկա գյուղում անօդաչու թռչող սարքը պայթուցիկ է նետել վարչական շենքերից մեկի վրա, տանիքը վնասվել է, տուժածներ չկան, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Ավելի ուշ, նրա խոսքով, Բորիսովկայում անօդաչու թռչող սարքի երկրորդ հարվածի արդյունքում վնասվել է բնակելի տան տանիք։
Գրայվորոնում, ըստ տեղական իշխանությունների, անօդաչու թռչող սարքերն ուղղվել են երկու բնակելի շենքերի վրա, պայթուցիկ սարքերի արձակման արդյունքում դրանք բռնկվել են։
Գլադկովի խոսքով՝ Գրայվորոնսկի շրջանի բնակիչները դեռ չպետք է վերադառնան իրենց տները: Երեկ իշխանություններն այնտեղից տարհանել էին մարդկանց, խաղաղ բնակիչների մեջ զոհեր չկան։
Միաժամանակ, նահանգապետն ասել է, որ Գրայվորոնում տարհանման միջոցառումների ժամանակ մահացել է 1941 թվականին ծնված մի կին։
«Տեղեկություններ կան, որ այն բնակավայրերում, որտեղ հակառակորդը մտել է, երկու վիրավոր խաղաղ բնակիչ կա, մինչ այժմ անվտանգության ուժերին չի հաջողվել հասնել նրանց», - ասել է Բելգորոդի նահանգապետը։
Գլադկովի խոսքով՝ Գրայվորոնսկի սահմանային շրջանում, ուր նախօրեին մուտք է գործել «Ռուս կամավորական կորպուսի» ջոկատը, «պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածքի մաքրումը՝ ուժային կառույցների հետ միասին»։
Բացի այդ, Բելգորոդ քաղաքի բնակիչները հաղորդում են քաղաքում պայթյունի ձայնի և այն փողոցի արգելափակման մասին, որտեղ գտնվում է տեղի Անվտանգության դաշնային ծառայության շենքը: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում առայժմ չկա։