Մատչելիության հղումներ

Երևանյան թանգարանները ներկայանում են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ցուցադրություններով


2005 թվականից ֆրանսիական թանգարանների նախաձեռնությամբ «Թանգարանների միջազգային օրվա» շրջանակներում հիմնադրվեց համաեվրոպական «Թանգարանային գիշեր» ակցիան, որին միացավ նաև Հայաստանը, որտեղ նույնպես, ինչպես և բոլոր եվրոպական երկրներում, ամեն տարի այն վերածվում է իսկական թանգարանային տոնի։

«Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիան անմիջապես հաջորդում է Թանգարանների միջազգային օրվան, բայց այդ օրը թանգարանների նախապես ծրագրած միջոցառումները մեկնարկում են երեկոյան ժամը 6-ից և տևում մինչև կեսգիշեր։ Այդ երկու օրերին էլ թանգարաններն անվճար բացում են իրենց դռները այցելուների առջև՝ հանդես գալով ամենատարբեր ծրագրերով։ Հատկապես գայթակղիչ է «Թանգարանային գիշեր» ակցիան, երբ տարվա մեջ մեկ անգամ մինչև կեսգիշեր հնարավորություն կա շրջել ցանկացած թանգարանում և վայելել արվեստի գործերը։

Այս տարի եվրոպական բոլոր երկրներում «Թանգարանային գիշեր» ակցիան տեղի կունենա այսօր՝ մայիսի 20-ին, և հայ արվեստասերները ևս ինչպես ամեն տարի, այս գիշեր ևս «կգրոհեն» հայաստանյան թանգարանները։ Ի դեպ, թե՛ մեծ, թե՛ փոքր թանգարաններում այցելուների հոսքը այս օրը այնքան մեծ է լինում, որ հերթեր են գոյանում, օրինակ՝ Փարաջանովի, Երվանդ Քոչարի թանգարաններում, Ազգային պատկերասրահում, Մատենադարանում, Գաֆեսջյան թանգարանում և այլուր, քանի որ բոլոր թանգարանններն էլ մինչև կեսգիշեր այցելուներին են ներկայանում բազմազան, շատ հետաքրքիր ծրագրերով՝ նոր ցուցադրություններ, համերգներ, հյուրասիրություններ, գրքերի շնորհանդեսներ և այլն։

Ուշագրավ է, որ վերջին տարիներին թանգարանններ ներթափանցեցին նաև նորագույն տեխնոլոգիաները, որոնք նոր ասելիք են բերում այցելուներին։ Առաջինն այդ ուղղությամբ հանդես եկավ Երվանդ Քոչարի թանգարանը՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով ներկայանալով մի շարք ուշագրավ և անակնկալ ցուցադրություններով։ Այս երեկո ևս նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ այնտեղ կիրականացվեն մի քանի նախագծեր, և այցելուները հնարավորություն կունենան իրենց աչքով տեսնելու, թե ինչպես արհեստական բանականության շնորհիվ վերստեղծվում են Քոչարի մի քանի ստեղծագործություններ։

«ԴԻտարժանություն չենք ստանում, այլ նաև վերստեղծում ենք Քոչարի գործի այլ կերպարը, որ ունենք տալու, նաև լինելու է այս ստեղծագործության անիմացիան, այսինքն՝ մի քանի տարբերակով փորձելու ենք ներազդել այցելուների վրա և ստանալ համապատասխան տպավորություններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, - «Քոչարի գործերում և իր խոսքերում, իր էսթետիկ ազդեցության մեջ ստեղծագործություններում արտահայտվող հնչում է այդ պատգամը, որ երբեք չպետք է բացակայի կամ թուլանա հոգևոր կոմպոնենտը մարդու էության, այսինքն՝ այս ամեն ինչի մեջ, նորարարությունների, գիտական նվաճումների, տեխնոկրատիզացիայի այս դարում անչափ կարևորվում է մարդու հոգևոր բաղադրիչի առկայությունը և դրա շարունակական սնուցումը, որովհետև դրա բացակայության մարդու իսկույն կվերածվի մեքենայի, ռոբոտի և անդեմ ու անհոգի արարածի»։

«Կարծես թե, Քոչարը մեզ նախազգուշացնի խուսափել այդ ճակատագրից», - նշեց նա՝ հավելելով. - «Այսինքն՝ ցուցադրելով այսօրվա տեխնոլոգիական հնարավորությունները, ինչին ենք այս վայրկյանին հասել և ինչպես ենք ներկայանում, մենք նաև նշում ենք, թե Քոչարյանն ինչ էր ասում այդ առումով, և մարդիկ ունեն ընտրության հնարավորություն՝ հասկանալու, թե ինչ ճանապարհով շարժվել, որ չկորցնեն իրենց մարդկայնությունը»։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանն էլ վերջին տարիների ընթացքում նույնպես հանդես է գալիս նման նորարարությամբ։

«Չարենցի տուն-թանգարանն այս տարի նախապատրաստել է երկու ցուցադրություն, մեկը՝ ժամանակավոր, մյուսը՝ մշտական ցուցադրության արդեն բաղկացուցիչ մասն է։ Դրանցից մեկը վերնագրված է «Նվեր հոբելյանին. Չարենց 125 խորագրով»։ Սա, կարծես, տրամաբանական շարունակությունն է Չարենցի հոբելյանական տարվա, որը նշեցինք նախորդ տարի։ Այստեղ ցուցադրվում են այն իրերը, որոնք թանգարանը նվեր է ստացել հենց հոբելյանական տարվա շրջանակում։ Առհասարակ թանգարանը նաև փորձում է ժամանակակից մոտեցումներով քայլել, և իհարկե, նոր լսարան ներգրավելու համար է նորագույն տեխնոլոգիաներով հագեցումը», - ասաց թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։

Արդեն թանգարանի մշտական ցուցադրության մի փոքր հատվածում հայտնվել է Չարենցը՝ իր գեղեցիկ տողերով, հավելեց նա. - «Այն վերանգրված է «Այստեղ աշխատում է Չարենցը», հոլոգրաֆիկ ցուցադրություն։ Կլինի դա, և երեկոյան ավելի ուշ Չարենցի խոսքերի հիման վրա գրված, գիտենք, տարբեր երգեր կան տարբեր ժանրերի, և այս անգամ էլեկտրոնային երաժշտություն կլինի։ Երգչուհին Մարինե Մանասյանն է։ Այդ համերգի ընթացքում կհնչեն ոչ միայն Չարենցի խոսքերով երգեր, այլ նաև տարբեր։ Կարծում եմ՝ շատ երիտասարդական երեկո ենք ունենալու այս անգամ»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG