Հայաստանը Հնդկաստանում ՀՀ դեսպանությանը կից ստեղծում է ռազմական կցորդի հաստիք, ինչի վերաբերյալ այսօր որոշում է ընդունել Կառավարությունը։
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի ու Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է գործում դեռ 2003 թվականից, սակայն «վերջին ժամանակաշրջանում ռազմաարդյունաբերական համալիրի պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և ընկերությունների կողմից փոխգործակցություն իրականացնելու ուղղությամբ ցուցաբերած մեծ հետաքրքրությունն անհրաժեշտություն է առաջացրել Հնդկաստանում ստեղծել Հայաստանի ռազմական կցորդի հաստիք»:
Կառավարությունը ակնկալում է, որ ռազմական կցորդը «կիրականացնի երկու երկրների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքներ, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ»: