Վարչապետի որդուն առևանգելու կասկածանքով երեկ ձերբակալվել է Գայանե Հակոբյանը, նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել, իսկ Աշոտ Փաշինյանը տուժող է ճանաչվել։
Բերման ենթարկված մյուս երեք որդեկորույս ծնողներն ազատ են արձակվել։ Իրավապահները ենթադրյալ առևանգման հետ առնչություն ունեցող ծնողներին երեկ բերման ենթարկեցին «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության գրասենյակից, այն հիմնել են պատերազմում զոհված մի քանի տասնյակ զինվորների ծնողներ։
Գայանե Հակոբյանի ձերբակալությունն իրավաչափ չի եղել, պնդում է նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Այսօր դատարան բողոք են ներկայացրել։ Հովհաննիսյանի խոսքով՝ Աշոտ Փաշինյանի ցուցմունքները հերքվել են։ Թե ինչպես, չի մանրամասնում։ Ըստ փաստաբանի՝ առևանգման հոդվածն ապօրինի է, իրենց պահանջած առերեսումն էլ դեռ չի կատարվել. - «Թիրախային հերքվել են իր բոլոր ցուցմունքները։ Համապատասխան փուլում համապատասխան ինֆորմացիա կտանք այդ մասին։ Երեկվանից պահանջել ենք անհապաղ իրականացնել առերեսում, ապահովել մեր հակընդդեմ հայցման իրավունքը, դեռևս երեկ պետք է իրականացվեր, չի իրականացվել։ Ամեն վայրկյան սպասում ենք առերեսման»։
Քննչական կոմիտեն հրապարարել է կրտսեր Փաշինյանի ցուցմունքը։ Վերջինս պատմել է, որ երեկ Վերաքննիչ դատարանի մոտ իրեն մոտեցել են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։ Ըստ ցուցմունքի՝ Փաշինյանը կանանցից մեկի առաջարկով նստել է մոտակայքում կայանված նրա ավտոմեքենան, որ հանգիստ զրուցեն, բայց կինն անսպասելի սկսել է վարել մեքենան, ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։
«Կինն ավտոմեքենայում խոսել է 2020թ.-ի պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում արագությունը գերազանցելով, Աշոտ Փաշինյանը պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան։ Կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու են տարել, ու ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է «Եռաբլուր», որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ։ Փաշինյանը մեքենայի ընթացքի ժամանակ դուրս է նետվել, վայրկյաններ անց, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են», - ասված է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ։
Աշոտ Փաշինյանի հետ կապ հաստատել չի հաջողվել, ըստ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի՝ նրա ոտքն է վնասվել։ Հայտնի չէ, թե ով է նրա փաստաբանը։
Երեկ ոստիկանություն էր տարվել նաև 44-օրյայի զոհերից Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։ «Ազատությանն» ասաց՝ կոպիտ վերաբերմունքի է արժանացել իրավապահների կողմից, ձեռքերը շղթայված 1 ժամ շարունակ կանգնած է մնացել բաժանմունքում։
Այսօր Սահակյանն ու մի խումբ ծնողներ հավաքվել էին ձերբակալվածների պահման վայրի առջև՝ սատարելու Գայանե Հակոբյանին, որի որդին՝ Ժորա Մարտիրոսյանը ևս զոհվել է պատերազմում։ Վահիդ Սահակյանն անհավանական համարեց այն, որ Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանին վնասելու մտադրություն է ունեցել։
«Ո՞նց կարող է պատահել՝ որևէ կին արմատը, հերոսածին մայրը 23 տարեկան տղային որևէ ուժ կիրառի կամ բռնի ուժ գործադրի, կամ որևէ խոսք ասի, սառը, թթու։ Ինձ թվում է՝ սա շինծու գործ է, որպեսզի մեր բերանները փակեն, իսկ մեր բերանները չեն կարող փակել, որովհետև մենք արդար պայքարի ենք դուրս եկել», - ասաց նա։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասաց՝ Գայանե Հակոբյանը երեկ ոստիկանական բաժանմունքից տեղափոխել է հիվանդանոց, այնուհետև ՁՊՎ։ Առողջական խնդիրներ ունի, ասաց, երեկ ժամը 15։00-ից հրաժարվել է սնունդ ընդունել, այսօր կեսօրից էլ հացադուլի է հայտարարել. - «Սրտի, ճնշման, ներքին օրգանների, ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի և երեկվանից ընդհանրապես սնունդ չի ընդունել և չի պատրաստվում ընդունել։ Առողջական վիճակը վատ է, բողոքում էր էլի ցավերից, վատ ինքնազգացողությունից, սակայն գոհ էր ՁՊՎ-ի վերաբերմունքից, աշխատակազմի՝ հարգանքով են վերաբերվել, նաև խցային պայմաններից էր գոհ»։
«Որդիների կանչ» ՀԿ-ում միավորված որդեկորույս ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում տարբեր պետական գերատեսչությունների առջև՝ պահանջելով բացահայտել իրենց երեխաների մահվան հանգամանքները։ Անցած սեպտեմբերին նրանք փորձել էին արգելել վարչապետ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր», ինչի հետևանքով ուժով բերման էին ենթարկվել։ Նրանք նաև պահանջում են պատժել իրենց բռնությամբ բերման ենթարկած ոստիկաններին, սակայն այս գործով դեռ որևէ իրավապահ պատասխանատվության չի ենթարկվել։