Մատչելիության հղումներ

Հայաստանյան թանգարանները ուշագրավ միջոցառումներով են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան


Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Երևանում
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Երևանում

Մայիսի18-ը Թանգարանների միջազգային օրն է, մայիսի 20-ը՝ «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիայի իրականացման օրը, երբ թանգարանները բաց են մինչև կեսգիշեր։

Հայաստանի բոլոր թանգարաններն ամեն տարի հրաշալի միջոցառումներ են կազմակերպում այս օրերին՝ անվճար բացելով իրենց դռներն այցելուների առջև։

Այս տարի ևս Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ հանդես կգան ամենատարբեր միջոցառումներով՝ «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո։ Խորագիրը համընդհանուր է այս երկու իրադարձություններին մասնակից աշխարհի տարբեր երկրներում գտնվող հազարավոր թանգարանների համար, և ամեն տարի թանգարանային տոնական միջոցառումները նշվում են տարբեր խորագրերի ներքո։

Մայրաքաղաքային բոլոր թանգարաններն արդեն իսկ նախապատրաստվել են հավուր պատշաճի նշելու իրենց մասնագիտական տոնը՝ ամենատարբեր միջոցառումներով։ Այս տոնը մեծ խորհուրդ ունի թանգարանների նվիրյալ աշխատակիցների համար։

«Ազատության» հետ զրույցում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Ավետիսյանն ընդգծում էր. - «Ողջ տարին մեր աշխատակիցները անտնտունջ աշխատում են՝ նվիրված իրենց թանգարանին, իրենց մշակույթին, հայ մշակույթին։ Թանգարանում իրականացվում են բազմաբնույթ մշակութային իրադարձություններ ողջ տարին, և այս օրը կարծես մի տեսակ մեկնակետ լինի՝ ամփոփում ամբողջ տարվա իրագործված ծրագրերի։ Մի պահ կանգ ենք առնում մենք էլ, մենք էլ մեզ ենք նայում հայելու առջև. ի՞նչ արեցինք մենք ողջ տարին, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք և ինչպե՞ս ենք շարունակելու մեր հաջորդ օրերը թանգարանում։ Ինձ համար շատ կարևոր է այդ օրը, տոն է պարզապես, մեծ տոն է։ Ամբողջ տարին մենք քրտնաջան աշխատել ենք, արժանացել ենք այդ տոնին և այդ օրն էլ մեծ ուրախությամբ տոնելու ենք բոլորս միասին՝ թանգարանի աշխատակիցներով, մեր այցելուներով։ Գեղեցիկ միջոցառումներ ենք ունենալու, գեղեցիկ ծրագրեր ենք ունենալու»։

20-րդ դարի մեր մեծագույն արվեստագետերից Երվանդ Քոչարի թանգարանն առաջինն էր Հայաստանի թանգարաններից, որը նոր տեխնոլոգիաների շնորհիվ անչափ յուրահատուկ դարձրեց թե' իր մշտական և թե' ժամանակավոր ցուցադրությունները։ Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի խոսքով, այս առումով առաջիկա տոնական օրերին ևս իրենց այցելուներին շատ ուշագրավ ծրագրեր կմատուցվեն. - «Ամեն տարի շատ յուրահատուկ ծրագրերով ներկայանում ենք՝ հնարավորինս փորձելով մեծ ցնցումներ առաջացնել մեր այցելուների մոտ։ Այս տարի նույնպես, համահունչ մեր դարի խնդիրներին և մարտահրավերներին, մենք ներկայացնում ենք երկու ծրագիր։ Առաջինը, այցելուները կտեսնեն, թե ինչպես է ռոբոտը վերստեղծում գծանկարներից մեկը։ Ընդ որում, իրենք հնարավորություն կունենան նաև դա ձեռք բերել։ Դա ժամը 6-ից է սկսվելու, յուրաքանչյուր ժամը մեկ կլինի հայտարարություն, թե ով է շահել այդ գծանկարը։ Իհարկե, մենք սրանով նաև ուզում ենք մեկ անգամ ևս ակցենտավորել, որ երբեք մեքենաները ի վիճակի չեն լինելու հասնել այն հոգևոր էներգետիկային և ազդեցությանը, որ ունի բնօրինակ ստեղծագործությունը։ Եվ սա ևս մեկ ապացույց է դա ընդգծելու։ Բայց և այնպես, դարի մարտահրավերները շատ լուրջ են՝ արհեստական բանականության հետ կապված, և փորձում ենք հասկանալ, թե ինչով կարող են նորամուծությունները օգտակար լինել թանգարանային գործունեության ոլորտում»։

Թե' Ազգային պատկերասրահը, թե' մեր մեծերի՝ Հովհաննես Թումանյանի և Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանները, նաև իհարկե մայրաքաղաքային մյուս թանգարանները՝ Գաֆեսջյան թանգարանը, Ռուսական արվեստի թանգարանը և մյուսները, առաջիկա օրերին սիրով կբացեն իրենց հյուրընկալ դռներն այցելուների առաջ ՝ ներկայացնելով ամենտարբեր ծրագրեր՝ նոր ցուցադրություններ, գրական-երաժշտական երեկոներ, համերգներ, հանդիպումներ և այլն՝ համատեղ նշելու և կարևորելու հանրության կյանքում թանգարանների տեղն ու դերը։

Ինչպես ընդգծում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը. - «Առհասարակ կարծում եմ, Թանգարանների միջազգային օրը և Թանգարանային գիշեր արդեն սիրված և շատ սպասված այդ ակցիան շատ մեծ խորհուրդ ունի իր մեջ։ Դա մեկ անգամ ևս հնարավորություն է ուշադրությունը կենտրոնացնել թանգարանների գործունեության վրա, այն ծրագրերի և այն նախաձեռնությունների, որոնք առաջարկում են թանգարանները։ Եվ ինչու չէ, նաև թանգարանների խնդիրները վերհանելու և այսօրվա մարտահրավերների վերաբերյալ որոշակի դիտարկումներ անելու, լուծումներ փնտրելու և այլն։ Սա շատ սպասված է թանգարանցիների կողմից և ամենաուրախ տոներից մեկն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG