Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ մոտ ապագայում Մոսկվան, Բաքուն և Թեհրանը կկարողանան վերջնական համաձայնության գալ «Հյուսիս-Հարավ» միջանցքով երկաթուղային փոխադրումների կազմակերպման շուրջ։ Այս մասին Պուտինը հայտարարել է այսօր՝ հեռավար կարգով մասնակցելով Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մասին ռուս-իրանական համաձայնագրի կնքման արարողությանը։
«Այս միջանցքի ստեղծման ուղղությամբ համագործակցությունը ծավալվում է Ադրբեջանի հետ սերտ գործընկերության պայմաններում։ Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում եռակողմ ձևաչափում՝ Ադրբեջանի մասնակցությամբ, ավարտին կհասցվի «Հյուսիս-Հարավ» միջանցքով երկաթուղային և բեռնատար փոխադրումների զարգացման մասին համաձայնագրի մշակումը։ Այդպիսով երեք երկրների քայլերի հաջող համակարգման համար անհրաժեշտ իրավական բազա կստեղծվի», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Իրանական Ռեշտ և Աստարա քաղաքները միմյանց կապող երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 170 կիլոմետր, այն կառուցվելու է Մոսկվայի և Թեհրանի մասնակցությամբ։ Այս նպատակով Ռուսաստանը Իրանին 1 միլիարդ 300 միլիոն եվրոյի միջպետական վարկ է տրամադրում։ «Հյուսիս-Հարավ» միջանցքն ամբողջացնող վերջին հատվածը, որ պետք է իրանական Աստարան կապի համանուն ադրբեջանական քաղաքի հետ, կառուցվելու է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի համատեղ ջանքերով», - հաղորդում է ТАСС գործակալությունը։