Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը ժամանել է Գերմանիա։ Սա նրա առաջին այցն է Գերմանիա Ռուսաստանի ներխուժումից հետո:
Նախագահ Զելենսկին արդեն հանդիպել է իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Ավելի ուշ նախատեսված է նրա հանդիպումը կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Զելենսկու այցը ընթանում է նրա՝ զենքի հետագա մատակարարումներ և երկիրը վերականգնելու միջոցներ փնտրելու ֆոնին։
Ուկրաինայի նախագահը Բեռլին է ժամանել Իտալիայից, նրա ինքնաթիռը ուղեկցել են Գերմանիայի ռազմաօդային ուժերի կործանիչներ։ «Բեռլին. զենքեր. մեծ փաթեթ. ՀՕՊ. վերակառուցում. ԵՄ. ՆԱՏՕ. անվտանգություն», - նշել է Զելենսկին Գերմանիա ժամանելուց հետո հետագա բանակցությունների թեմաների մասին գրառման մեջ։
Մեծ փաթեթը վերաբերում է Ուկրաինային շուրջ 2,7 միլիարդ եվրո արժողությամբ Գերմանիայի ռազմական օգնությանը, որի մասին հայտարարվել էր նախօրեին։
Սպասվում է, որ Բեռլինից Զելենսկին և Շոլցը կմեկնեն Գերմանիայի արևմտյան Աախեն քաղաք։