Մատչելիության հղումներ

«Գոյամարտը նոր է սկսվում». «Գոյ»-ը դիմում է դատարան


«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ
«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

«Գոյամարտը նոր է սկսվում». - «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը «Ազատությանը» փոխանցեց՝ դիմում են դատարան՝ վիճարկելու Կառավարության այս շաբաթ ընդունած որոշումը, որի համաձայն «Գոյ»-ը կմիանա Մայր թատրոնին։

«Ամեն ինչ նոր է սկսվում: Հենց էս փուլն է, որտեղ հաղթանակ է պետք տանել: Ոչ թե բարոյական հաղթանակ, ոնց որ եղավ մինչև էս, այլ փաստացի հաղթանակ: Որոշումը կվիճարկվի դատական ատյաններում անպայման, և դատարանը թող պարզի՝ էդ իրավունքը ով ունի, ինչպես, ոնց, ով պիտի որոշի իմ ճակատագիրը», - ասաց Սահակյանը՝ «ճամպրուկները հավաքելու» հնարավոր պահանջի վերաբերյալ հարցին արձագանքելով, որ ոչ մի թուղթ չեն ստացել՝ «դեռ»:

Մշակույթի նախարարությունը հիմնավորում է, որ միավորումը «կնպաստի երկու թատրոնների մասնագիտական ռեսուրսների կենտրոնացման ու կարողությունների զարգացմանը, կխթանի ֆինանսական միջոցների ավելացմանը, միտված է «Գոյ» թատրոնի ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն»:

35 տարվա ստեղծագործական կյանք ունեցող թատրոնի ղեկավարը տարակուսած է՝ ինչպե՞ս է նախարարությունը խոսում մի թատրոնի գործունեության լավ կամ վատ լինելու մասին, երբ ո՛չ նախարարը, ո՛չ փոխնախարարը ոտք չեն դրել «Գոյ»՝ հասկանալու՝ ինչի մասին է այս ամենը։

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյան, արխիվ
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյան, արխիվ

«Ես աշխատում եմ «Գոյ»-ում, վերադարձա կոլեկտիվի հրավերով 2015 թվականին: Էդ օրվանից [Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի փոխնախարար] Արա Խզմալյան այս տարածքում ես չեմ նկատել: [Նախարար] Ժաննա Անդրեասյանին առաջին անգամ տեսել եմ, երբ որ տեսա նկարը՝ ինչ-որ մեր հետ կապված, չէ, հետո ինքը ինչ-որ ասել էր մերոնց, որ գալու է անպայման, բայց, իհարկե, ոչ մի գալ, ոչ մի... Ամբողջ զրպարտությունը սրա մեջ է՝ Խզմալյանը որակում է ներկայացումները էստեղ չմտնելով», - ընդգծեց «Գոյ»-ի գեղարվեստական ղեկավարը:

Ըստ նախարարության, որոշումը բարի նպատակ ունի՝ լուծել թատրոնի խնդիրները։ Ընդգծում են՝ կոմունալ բոլոր ծախսերը միշտ հոգացել է Սունդուկյանի թատրոնը։ «Գոյ» կենտրոնի վերջին տարիների հաշվետվություններն էլ, պաշտոնյաների պնդմամբ, ցույց են տալիս, որ «ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերակատարումը ձեռք է բերել պարբերական բնույթ»:

Սահակյանը ոչ մի կետի համաձայն չէ։ Պնդում է՝ տարեվերջին աուդիտ է եղել, ոչ մի խնդիր չի նշվել: «Եթե ավելի լավ պայմաններ են, ինչի՞ է այսքան մարդ ասում՝ «չենք ուզում ձեր ավելի լավ պայմանները», - նշեց նա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, արխիվ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, արխիվ

«Կներեք, ՊՈԱԿ-ը չպիտի գա ասի՝ իրենք լավ պայմաններ ուզում են, չեն ուզում: Պետությունն է որոշում՝ ինչպես արդյունավետ օգտագործել հանրային ֆինանսները». - երկու ամիս առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր՝ որևէ տրամաբանություն չկա նույն շենքում տեղակայված երկու միավորումների համար ունենալ երկու առանձին ադմինիստրացիա։ Ավելի վաղ էլ Սունդուկյանի թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էր դժգոհել՝ ինչո՞ւ են տարիներ առաջ Մայր թատրոնի տարածքը կտրել և հատկացրել մեկ այլ թատրոնի։

Միավորմանը դեմ են ոչ միայն «Գոյ»-ի, այլ նաև Սունդուկյանի և այլ թատրոնների դերասանները։ Ֆեյսբուքում անգամ ֆլեշմոբ էր սկսվել «Գոյամարտ» հեշթեգով։

Դերասանների կարծիքը, սակայն, դեռ ամիսներ առաջ չէր կիսում Մայր թատրոնի տնօրենը. - «Իբրև պետական թատրոնի ղեկավար, եթե ինձ հարց եք տալիս՝ կարո՞ղ եմ ես ստանձնել պատասխանատվություն, որպեսզի մարդիկ դրսում չմնան, հակառակը՝ ավելի լավ կյանք ունենան, այո, ես պատասխանում եմ, կարող եմ»:

«Ազատության» հարցին՝ «իսկ «Գոյ» թատրոնի տեսակը դրանից չի՞ տուժի», Վարդան Մկրտչյանն արձագանքեց. - «Իսկ «Գոյ» թատրոնի տեսակի խիստ առանձնահատկությունը ո՞րն է, ես չեմ տեսնում»:

«Մենք տարբեր ենք՝ Սունդուկյանը ի՛ր գործն է անում, մենք մե՛ր գործն ենք անում», - հակադարձում է Արթուր Սահակյանը:

«Գոյ»-ի խաղացանկում քաղաքական, քննադատական թեմատիկան շատ է. Օրուելի «Անասնաֆերմա»-ն, Քամյուի «Օտարը», վերջերս էլ բեմադրվեց «Գարեգին Նժդեհ. իրական առասպել» պատմական հետազոտությունը։ Ըստ Սահակյանի՝ հենց այս վերջին ներկայացումից հետո իրավիճակը կտրուկ սրվեց։ Նրա պնդմամբ՝ «Նժդեհ»-ի պրեմիերայի հենց հաջորդ օրը՝ փետրվարի 8-ին, տնօրենը հրավիրվել է նախարարություն։

Ժաննա Անդրեասյանը կարճ էր արձագանքել ցենզուրային առնչվող հարցին. - «Ես անհեթեթություններ չեմ մեկնաբանում»:

Սակայն դեռևս գործող թատրոնի ղեկավար Արթուր Սահակյանն ավելի քան վստահ է՝ պատժվում է իր քաղաքական հայացքների համար. - «Եթե 88-ին իրենց պետք էր ազգայնական երկիր, որպեսզի Սովետական Միությունը փլվի, հիմա պետք է առանց ազգային պատկանելության՝ ազգայինը հրամայված է՝ տերերի կողմից, վերացնել»:

Չնայած Կառավարության որոշմանը՝ թատրոնում փորձերը շարունակվում են, ավելին՝ մայիսի խաղացանկը հագեցած է՝ «Նժդեհ»-ով, «Անասնաֆերմա»-ով, աբսուրդի թատրոնին հատուկ բեքեթյան «Դեպի վերջ»-ով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG