Այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Ըստ հաղորդագրության՝ ժամը 15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հայաստանի պաշտպանության նախարարությունն առավոտյան հաղորդեց, որ ժամը 10-ի սահմաններում ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ անօդաչու թռչող սարք է կիրառել, վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսինը՝ բավարար:
Մեկ այլ հաղորդագրությամբ Հայաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:
Պաշտպանության նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:
Սոթքի հատվածում իրադրությունը երեկվանից է լարվել․ երեկ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է իր չորս վիրավորների, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 10-ից սկսած լարվածությունն առաջնագծում նվազել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է:
Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ: