Մատչելիության հղումներ

Պեկինը հատուկ բանագնաց է գործուղում Ուկրաինա, Ռուսաստան և եվրոպական երկրներ՝ «խթանելու խաղաղ բանակցությունները»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Չինաստանի նախագահ Սի Ծինպինին, Մոսկվա, 21-ը մարտի, 2023թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Չինաստանի նախագահ Սի Ծինպինին, Մոսկվա, 21-ը մարտի, 2023թ.

Չինաստանը հատուկ բանագնաց է գործուղում Ուկրաինա, Ռուսաստան և եվրոպական մի շարք երկրներ՝ «խաղաղ բանակցությունները խթանելու նպատակով»։

Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ, Մոսկվայում երկրի նախկին դեսպան Լի Հուեյը այսպիսով կդառնա Չինաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որն Ուկրաինա է այցելում Ռուսաստանի ներխուժումից ի վեր:

Չինաստանի դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ՝ մայիսի 15-ին մեկնարկող ուղևորության ընթացքում Հուեյը կայցելի Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան։

Փետրվարին Չինաստանը ներկայացրել է ռուս - ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիր, որը սակայն թե՛ Եվրամիությունը, թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ Կիևը գնահատել են ոչ թե որպես կարգավորման իրական պլան կամ կողմերի միջև բանակցությունների առաջարկ, այլ խնդրի առնչությամբ Պեկինի դիրքորոշում:

Արևմտյան երկրների կարծիքով՝ Չինաստանի խաղաղարար նախաձեռնությունը Կիևի համար չափազանց անորոշ է, չի պարունակում պատերազմից դուրս գալու կոնկրետ ելք և կարող է Պուտինի կողմից օգտագործվել զինադադարի հաստատման համար, որի արդյունքում ռուսական զորքերը կպահպանեն օկուպացված տարածքների վերահսկողությունը։

XS
SM
MD
LG