Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլին ողջունել է վիզային ռեժիմը և ուղիղ թռիչքների արգելքը վերացնելու Ռուսաստանի որոշումը


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արխիվ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արխիվ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դրական է գնահատել Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան այցելելու համար վիզային ռեժիմն, ինչպես նաև ուղիղ օդային չվերթների արգելքը չեղարկելու Մոսկվայի որոշումը:

«Դա, իհարկե, մարդասիրական տեսակետից լավ որոշում է, այն պետք է ողջունել: Բոլոր որոշումները, որոնք հեշտացնում են մեր քաղաքացիների կյանքը, տեղաշարժը, բիզնեսը, դրական են»,- ասել է Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, Ռուսաստանում բնակվող մոտ մեկ միլիոն վրացի հայրենակիցների և նրանց ընտանիքների անդամների համար հետայսու՝ վիզաների չեղարկումից և ուղիղ չվերթներն արտոնելուց հետո, ավելի հեշտ կլինի միմյանց այցելել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ է ստորագրել Վրաստանի քաղաքացիների համար մայիսի 15-ից վիզաների պահանջը վերացնելու հրամանագիրը: Մեկ այլ հրամանագրով նա չեղյալ է հայտարարել Վրաստան ռուսական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները և Վրաստան զբոսաշրջային տուրերի վաճառքն արգելելու 2019 թվականի որոշումը:

Վրաստանի հետ վիզային ռեժիմը Ռուսաստանը սահմանել է 2000 թվականին: Վրաստանը ռուսաստանցիների համար վիզաները չեղարկել է 2012 թվականին:

Համաձայն վրացական օրենքի, Ռուսաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել Վրաստան և մինչև մեկ տարի մնալ երկրում:

Ռուսաստանը և Վրաստանը դիվանագիտական կապերը խզել են 2008 թվականին այն բանից հետո, երբ Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG