Մատչելիության հղումներ

Վստահ եմ, որ երեք ամիսը մեկ նոր ներկայացում ունենալը շատ լուրջ շարժ կլինի. Կարեն Դուրգարյան


Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյան

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը տարեսկզբից իր հանդիսատեսի համար նորանոր նախագծեր է իրականացնում։

Մայիսի 12-ին և 15-ին օպերային թատրոնում տեղի կունենա Գաետանո Դոնիցետիի «Սիրո ընպելիք» կատակերգական օպերայի առաջնախաղը, որին նվիրված ասուլիսին այսօր ներկայացման գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, թատրոնի տնօրենի պաշտոնակատար և երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանն ընդգծում էր. - «Կատակերգական օպերա է, շատ հումորային տեսարաններով։ Կարծում եմ, մանավանդ երիտասարդ ունկնդիրը, որը պետք է գա թատրոն և ճանաչի իր հասակակիցներին... կարծում եմ, շատ հետաքրքիր կլինի»։

Ուշագրավ է, որ օպերային այս բեմադրությունը իրականացվել է բացառապես թատրոնի երիտասարդ ուժերի շնորհիվ։ Ներկայացման երիտասարդ բեմադրող ռեժիսորն է Օլգա Գուսևան Սանկտ-Պետերբուրգից. - «Այս պրոեկտը մենք որոշեցինք անել երիտասարդների հետ, երիտասարդ ձայների հետ։ Միտքը այնպիսին էր, որ երիտասարդներին սկսենք նախապատրաստել ապագայում բեմահարթակ բարձրանալու համար, և որոշեցինք սկսել Դոնիցետիից։ Հաջորդ իրենց պրոեկտը կլինի Մոցարտը, և հետագայում կտեսնենք, թե ուր կհասնենք երիտասարդների հետ»։

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչպիսի պոտենցիալ ունի այսօր հայ օպերային երաժշտարվեստը, Կարեն Դուրգարյանը նշեց. - «Ոչ միայն իմ կարծիքն է, այլ այն մեր մասնագետների, ում որ մենք հրավիրում ենք. ունենք շատ, շատ, շատ երիտասարդ տաղանդավոր ուժեր, որոնց հետ պետք է աշխատել և օգնել, որպեսզի իրենց ճանապարհը ավելի հարթ անցնի, քան մենք ենք անցել։ Իմ սերունդը և ավագ սերունդը նույնպես շատ տաղանդավոր են եղել, շատ տաղանդավոր են, հպարտ ենք, որ իրենք մեզ հետ աշխատում են, մեր թատրոնում աշխատում են և ներկայացնում են մեր օպերային արվեստը։ Բայց այն ժամանակահատվածը, երբ իրենք էին երիտասարդ, մենք ավելի ծանր վիճակում էինք ապրում։ 25 տարի, 30 տարի անցել է, և մեր մենակատարները, որոնք հնարավորություն ունեին իրենց ծաղկման ժամանակ իրենց ցույց տային, ճանապարհները փակ էին դեպի Եվրոպա։ Այսօր մեր երիտասարդները այդ հնարավորությունը ունեն շփվելու տարբեր թատրոնների հետ, և կարծում եմ, մի քանի տարի հետո մենք ավելի հպարտ կլինենք, որ մեր երիտասարդ ուժերը գրավել են տարբեր հարթակներ»։

Կարեն Դուրգարյանը հավելեց նաև, որ իրենք անում են ամեն ինչ լուրջ ձեռք բերումներ գրանցելու և մեր հանդիսատեսին բարձր մակարդակի բեմադրություններ մատուցելու համար։

Կարևորը, որ թատրոնը մշտապես նորանոր պրեմիերաներ մատուցի հանդիսատեսին. - «Այս վայրկյանին թատրոնում ընթանում են տարբեր փորձեր, որովհետև միաժամանակ տարբեր փորձասենյակներում փորձեր գնում։ Պուչինի «Տուրանդոթ» օպերա՝ մանկական օպերային ներկայացում, որը հունիսի 1-ին, Աստծո կամքով, մենք մեր երեխաներին ցույց կտանք, «Սիրո ընպելիքը» և մյուսը, որը շատ սպասելի է, դա «Կարապի լիճ»-ն է Պյոտր Չայկովսկու, որը, հուսամ, այս տարի մենք մեր հանդիսատեսի առջև կխաղանք։ Այսինքն՝ չորս ստեղծագործություն միաժամանակ, և երբ պրոցեսը սկսվում է, մի կողմից ուրախանում ես, մյուս կողմից՝ հասկանում, որ բավականին մեծ քանակով կոստյումներ պետք է պատրաստել։ Ասենք, պատրաստեցինք այդ կոստյումները, որտե՞ղ ենք պահելու։ Մի կողմից, ուզում ես գնալ առաջ, մյուս կողմից, խոչընդոտներ կան։ Այդ խոչընդոտները, անշուշտ, պետք է կարողանանք կարգավորել։ Բայց կարևորը, որ վստահ եմ, որ երեք ամիսը մեկ նոր ներկայացում ունենալը շատ լուրջ շարժ կլինի, որպեսզի թատրոնը գնա վերև։ Որովհետև անցումային փուլը կարծես թե ավարտվել է, և մենք արդեն գրեթե բոլոր ներկայացումները և բոլոր պրեմիերաները անում ենք համատեղ տարբեր թատրոնների մեր կոլեգաների հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG