12.05.2023
08:45
Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, Ֆեյսբուքում գրում է Արամ Թորոսյանը:
Խոսնակը հայտնում է նաև, որ երեկ Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:
23:23
Ժամը 23-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
22։19
Ժամը 20:10-22:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, փոխանցում են ՊՆ-ից։
20։45
Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի՝ Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ռազմական գերատեսչությունը նաև փոխանցում է, որ ժամը 20:10-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
18:55
Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց, հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը՝ հավելելով՝ հայկական կողմը կորուստներ չունի:
18:00
Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
15:30
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն է այսօր եղել Սոթք գյուղում, ըստ նրա, իրավիճակը հարաբերական կայուն է:
«Այս պահի դրությամբ հարաբերական կայուն է, գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում դաշտերում: Բարձրացանք վերևի հատվածում դիտարկում իրականացրեցինք: Այս պահին որպես այդպիսին կրակոցներ չեն լսվում», - ասաց Սարգսյանը:
Մարզպետը հերքեց նաև որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը, թե բնակավայրերում տարհանում է իրականացվել:
15:15
Ժամը 14-15-ը ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
Ժամը 15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, գրում է Արամ Թորոսյանը Ֆեյսբուքում:
14:15
Ժամը 13-14-ը ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
Ժամը 14-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, փոխանցում է Արամ Թորոսյանը:
13:25
Ժամը 11-13-ը ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
Ժամը 13-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, փոխանցում է Արամ Թորոսյանը՝ խոստանալով իրադրության փոփոխության դեպքում հաղորդագրություն տարածել:
11:45
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է հայ - ադրբեջանական սահմանի Սոթքի ուղղությամբ մարտական գործողություններում զոհված մեկ զինծառայողի մասին՝ Նովրուզալիզադե Օրխան Էլխան օղլու։
«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են վճռական պատասխան գործողություններ: Օպերատիվ իրավիճակը մեր ստորաբաժանումների հսկողության տակ է»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հաղորդել էր իր մեկ վիրավորի մասին՝ Մահմուդլու Մուսլիմ Վիդադի օղլու:
11:30
Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն զրոյացնելու այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սոթքում Ադրբեջանի այսօրվա գործողությունները սադրիչ որակելով։
Վարչապետի խոսքով՝ Սոթքում սադրանքը նպատակ ունի նաև խաթարելու կիրակի օրը Բրյուսելում եռակողմ, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։
«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա», - ասաց գործադիրի ղեկավարը։
Փաշինյանը մտացածին համարեց հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին Ադրբեջանի երեկվա պնդումները՝ շեշտելով՝ նման տեղեկատվություն հորինվում է իրադրությունը սրելու համար։
11:11
Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանական կողմի պնդումները, թե «հայկական կողմը գործողության է նախապատրաստվում», Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերթական ապատեղակատվություն է որակում՝ նշելով, որ Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան ադրբեջանական կողմն է սադրանք սանձազերծել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հերթական հաղորդագրությունում պնդել է, թե «հայկական զինված ուժերի ստորաբաժանումների ակտիվություն է նկատվում՝ լրացուցիչ կենդանի ուժ և զինտեխնիկա է կենտրոնացվում Բասարքեչերի շրջանի Զոդի ուղղությամբ», և «հակառակորդը փորձում է հող ստեղծել հերթական սադրանքի համար»: «Մենք կրկնում ենք, որ տարածաշրջանում լարվածության ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:
Բաքուն հաղորդում է մարտական գործողությունների հետևանքով իր 1 զոհի և 1 վիրավորի մասին:
10:43
Պաշտոնական Երևանը կոչ է անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը:
Սոթքում ադրբեջանական այսօրվա գործողությունները Հայաստանի արտգործնախարարությունը սադրիչ է որակում՝ ընդգծելով՝ սա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հերթական խախտում է, որն ի ցույց է դնում ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը:
Ադրբեջանի այս քայլերը որակելով իրավիճակի ապակայունացմանը միտված գործողություններ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է՝ դրանք բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին:
10:37
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:
Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է նաև, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:
10:11
Ժամը 10:10-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է, սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
10:00
Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է, հաղորդում է Հայաստանի ՊՆ խոսնակը:
09:53
Ժամը 09:50-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
Վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կհայտնի:
09:42
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:
«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ», - Ֆեյսբուքում գրում է Արամ Թորոսյանը:
09:40
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել, որում պնդում է, թե «շարունակվող սադրանքներն ընդլայնելու նպատակով հայկական զինված ուժերի ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զինատեսակներից և ականանետերից շարունակում են գնդակոծել մեր դիրքերը»։
«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են վճռական պատասխան գործողություններ», - ասված է հաղորդագրությունում:
09։34
Ժամը 09:20-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով՝ անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին:
Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր, շեշտում է նախարարությունը՝ հորդորելով՝ չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
09:20
Ժամը 9-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:
08:40
Ժամը 8:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարության խոսնակը:
ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ, ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր։ ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան, ընդգծում է նախարարությունը:
07:40-08:10
Այսօր ժամը 6-ից, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Ժամը 8-ի դրությամբ հայկական կողմն ունի երեք վիրավոր, փոխանցում է նախարարության մամուլի քարտուղարը: Արամ Թորոսյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ժամը 8-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ, ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե երեկ երեկոյան ՀՀ Զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը:
Պաշտոնական Բաքուն փոխանցում է, որ գլխից ծանր վիրավորվել է ադրբեջանական բանակի զորամասի զինծառայող Մահմուդլու Մուսլիմ Վիդադի օղլուն, և հրադադարի խախտման համար մեղադրում հայկական կողմին:
«Մայիսի 11-ի առավոտից հայկական զինուժը Բասարքեչերի շրջանի Զոդի ուղղությամբ տեղակայված դիրքերից ականանետային կրակոցներ է արձակում ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ՝ է՛լ ավելի սրելով իրավիճակը»,- իր նոր հաղորդագրությունում պնդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պատասխան գործողություններ», - ասված է հաղորդագրությունում: