Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալները հանդիպումներ են ունեցել Հայաստանում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպանների հետ


Հայաստանի արտգործնախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանը այսօր հանդիպումներ են ունեցել ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպաններ Քրիստինա Քվինի, Սերգեյ Կոպիրկինի և Անն Լուոյի հետ:

Արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, փոխարտգործնախարարները ԱՄՆ դեսպանի հետ մտքեր են փոխանակել մայիսի 1-4-ը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բարյամովի միջև տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ:

Վահե Գևորգյանը, Վահան Կոստանյանը, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանների հետ հանդիպումներում անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին։

Դեսպանների հետ հանդիպումներում ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ։

«Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին` վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը», - նշված է հաղորդագրություններում։

Հայ-ադրբեջանական հանդիպումը հյուրընկալել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Ըստ վաշինգտոնյան բանակցություններից հետո կողմերի տարածած նույնաբովանդակ հաղորդագրության, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման» համաձայնագրի նախագծի «որոշ հոդվածների շուրջ» ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները մնում են տարամետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG