Մատչելիության հղումներ

Հայաստանում համերգներով հանդես կգա Otros Aires էթնիկ–էլեկտրո–տանգո խումբը


Մայիսի 9-ին, 10-ին և 11-ին տանգոյի սիրահարներին մեծ անակնկալ է սպասվում՝ նրանք կարող են ներկա գտնվել արգենտինական աշխարհահռչակ Otros Aires էթնիկ–էլեկտրո–տանգո խմբի համերգներին։

Գոյության 20 տարիների ընթացքում համաշխարհային համբավ վաստակած այս խումբը հիմնադրել է Միգուել Դի Ջենովան իր ընկերների հետ, որոնք արդեն 20 տարի շրջագայելով աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում են էլեկտրո տանգոյի աուդիո-վիզուալ էֆեկտներով և հրաշալի պարային դուետներով իրենց գեղեցիկ երեկոները։

Խումբն առաջին անգամ է հանդես գալու Հայաստանում։ Նրանց հյուրախաղերը իրականացվել են տանգոյի ուսուցիչ Արման Աստաբացյանի նախաձեռնությամբ և հրավերով։

«Ազատության» հետ զրույցում Աստաբացյանը նշեց, որ Otros Aires-ի յուրաքանչյուր համերգային երեկո տարբերվում է նախորդից իր ծրագրով և մատուցմամբ. - «Էլեկտո-տանգոն նուեվո-տանգոյի՝ նոր տանգոյի ճյուղ է։ Հենց էդ ճյուղը սկսեց բոլորին հայտնի Աստոր Պիացոլլան։ Եթե Պիացոլլան ավելի շատ օգտվեց ջազից ու կլասիկայից ու տանգոն սարքեց հասանելի բոլորին, ամբողջ աշխարհին, իսկ Օթրոս Այրեսը ավելի էթնիկ, էլեկտրո, մոդեռն, տարբեր ոճերը սկսեցին համադրել տանգոյին։ Խումբը միջազգային համբավ ունի, հիմա իրենք 21 համերգով են շրջագայում, որից 3-ը Հայաստանում։ Ինքը միքս ա, տանգո էլեմենտներն ա հիմքը, բայց միքս էթնիկ, տարբեր ժողովուրդների երգերից կարա լինի, էլեկտրո լինի»։

Հարցին, թե ինչպես իրեն հաջողվեց խմբին հրավիրել Հայաստան Աստաբացյանը պատասխանեց. - «Իդեան կար որ իրանց հրավիրենք։ Այս անգամ այնպես ստացվեց, որ ասեց՝ Արման, կուզե՞ս էս օրերը գանք Հայաստան, ու որոշեցինք։ Ռիսկային որոշում էր։ Մեզ մոտ լավ չգիտնե Օտրոսին, ուզում ենք Հայաստանում էլ իմանան»։

Ուշագրավ է, որ Երևանում կայանալիք առաջին համերգից հետո երկրորդ համերգը կկայանա Սասունիկ գյուղում՝բացօթյա, գինու հյուրասիրությամբ և տանգոյի նախնական դասընթացներով ցանկացողների համար։ Արգենտինական հանրահայտ խմբի վերջին համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում։

Արամ Աստաբացյանը Երևանում գործող «Լա Վիտա դել տանգո Արգենտինո» («Կյանքը արգենտինական տանգոյում») դպրոցի հիմնադիր ղեկավար է և մեր զրույցի ընթացքում հիշեցրեց, որ 2019 թվականին կազմակերպել է Տանգոյի առաջին միջազգային փառատոնը Հայաստանում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է դեռ 12-13 տարի առաջ՝ տարբեր երկրներում ուսումնառությունից հետո, տանգոյի սիրահարների մի փոքր խմբի հետ. - «Ես հիշում եմ, որ եկա արդեն Երևան, պետք էր գտնել մարդիկ, ովքեր տանգո պարում էին, ու կար։ Ֆանատիկների մի փոքր խումբ կար, որոնք շատ էին վառված տանգոյով, ուզում էին սովորեին։ Էդ փոքրիկ խումբն ա էղել։ Հետաքրքիր ա, որ այն ժամանակ հենց մեր դասերը լինում էին էստեղ «Օտրոս Այրեսի» երգերի տակ։ Ու էն ժամանակ որ մարդկանց ասեիր՝ ես բերելու եմ «Օտրոս Այրեսին» Հայաստան, կլիներ ֆանտաստիկ ժանրին, ոչ մեկ չէր հավատա։ Հիմա էլ չեն հավատում։ Դրանից հետո զարգացումը գնացել ա, այսինքն՝ հարյուրավոր կան մարդիկ, որ պարում են տանգո։ Կան ուսուցիչներ։ Իմ կարծիքով, ինչքան լավ ուսուցիչներ լինեն, այնքան լավ կլինի»։

Հարցին, թե ինչ է տալիս տանգոն, Աստաբացյանն արձագանքեց. - «Ես կասեմ ինչպես իմ ընկերներից մեկն էր ասում՝ տանգոն դա կյանքն է՝ խտացված պարի մեջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG