Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը տարիներ շարունակ իր նորանոր բեմադրություններով մեր թատերական ասպարեզի առաջատար թատրոններից մեկն է՝ բառի բուն իմաստով իրոք նպաստելով ժամանակակից հայ թատրոնի առաջընթացին և զարգացմանը։ Այս տարվա առաջին պրեմիերան Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինի» վեպի բեմականացումն է՝ ծավալուն, երեք ժամանոց երկու գործողությամբ ներկայացում, որը մեծ արձագանք գտավ հանդիսատեսի կողմից։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի խոսքով, սա չափազանց կարևոր ներկայացում էր անձամբ իր համար, իր խոսքը այս ստեղծագործության շնորհիվ հանրությանը տեղ հասցնելու համար. - «Ուզում եմ մի մաքուր տեղ վերադարձնել մեզ բոլորիս։ Որովհետև խճճվել ենք, քաոսի մեջ ենք ընկել։ Գուցե այդ մանկության կետը, այդ սկզբնակետը, որտեղից սկսել ենք ընդհանրապես... գուցե վերադառնալ էր պետք այդ մաքուր աշխարհ, մի քիչ վերաիմաստավորվել, մաքրվել ու նորից ետ գալ՝ մաքրված մի փոքր։ Եվ այնքան ուրախ եմ, որ այդ զգացողությունը, ինչի համար ես արել եմ դա, ոչ միայն իմ մեջ էր, այլ հիմա հանդիսատեսը որ գալիս է, այդ բոլոր զգացողությունները ապրում է։ Ես անչափ ուրախ եմ, որ այդ երկխոսությունը հանդիսատեսի հետ տեղի է ունեցել, որովհետև ինձ համար շատ թանկ է ամեն մեկի կարծիքը, ամեն մեկի ապրումը, և հատկապես ապրումակցումը»։
Եվ ինչպես ամեն տարի, թատրոնն իհարկե առաջիկայում բազմաթիվ նոր ծրագրեր ունի. ներկայացնելու են Բուլգակովի «Շան սիրտը», Բրոդսկու բանաստեղծությունների հիման վրա մի ներկայացում, թատերական ընթերցումներ և այլ։
Ներկայումս Նարինե Գրիգորյանը գտնվում է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում, որտեղից հրավեր է ստացել խաղալու իր հանրահայտ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է»» մոնոներկայացումը, որից հետո մեկնելու է Փարիզ. - «Այնտեղ նկարահանվում է Ազնավուրի մասին գեղարվեստական ֆիլմ։ Որպես Ազնավուրի մայր ընտրել են ինձ։ Շատ մեծ ֆրանսիական պրոյեկտ է, բայց կան ֆրանսահայ դերասաններ են խաղում, իսկ Հայաստանից ես եմ հրավիրվել։ Իրենք տեսել են ինձ Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվում է» ֆիլմում և ընտրել են ինձ»։
Անցյալ տարի Համազգային թատրոնն իր հանրահայտ «Փափլիկը» ներկայացմամբ մասնակցեց հեղինակավոր Չեխովյան15-րդ փառատոնին, որտեղ մեծ արձագանքի արժանացավ Նարինե Գրիգորյանի այդ բեմադրությունը ըստ Գի դը Մոպասանի համանուն ստեղծագործության։ Փառատոնի տնօրեն Վալերի Շադրինը այդ օրերին Նարինե Գրիգորյանին առաջարկել է մի ներկայացում բեմադրել Տագանկայի թատրոնում։ Նա սիրով ընդունել է առաջարկը և այս վերջին ամիսներին ինտենսիվորեն աշխատել է մոսկովյան այդ թատրոնում։
Փարիզյան ուղևորությունից հետո Նարինե Գրիգորյանը կմեկնի Մոսկվա՝ այս տարվա չեխովյան փառատոնի բացմանը ներայացնելու իր բեմադրությունը. - «Պատվերը տրված էր ռուս գրականություն, և ես ընտրեցի Տուրգենևի «Մումուն»։ Պրեմիերան կլինի մայիսի 25-26-27` Չեխովյան փառատոնի հենց բացմանը»։
Հայաստանում Նարինե Գրիգորյանը նորանոր պիեսներ բեմադրելու մեծ երազանքներ ունի, բայց առանձնահատուկ ցանկություն ունի բեմադրել Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան». - «Այդ հեքիաթը, այդ զայրույթը զսպելու, որը նորից հիմա շատ մեծ պրոբլեմ կա մեր հասարակության մեջ, էդ մասին մի փոքր ուզում եմ Թումանյան հանճարի միջոցով խոսել այսօր մեր հասարակության հետ, մեր երեխաների հետ»։
Անդրադառնալով իր ղեկավարած թատրոնի խնդիրներին՝ Գրիգորյանն ասաց. - «Իհարկե, այս պահին շենքն է ամենահրատապը։ Եվ իհարկե, անվերջ կենդանի պահելը այս օրգանիզմը։ Անվերջ նոր փորձառություններ, որ բոլորը անընդհատ ակտիվ պրոցեսի մեջ լինեն։ Եթե նայեք մեր խաղացանկը, մեր խաղացանկում ամեն ամիս նոր պիես է հայտնվում։ Ուզում եմ ասել, որ ինձ համար շատ կարևոր է, որ անընդհատ պրոցեսի մեջ լինի թատրոնը, անընդհատ նոր բան լինի, նոր գրականություն, նոր դրամատուրգիա, նոր դերակատարներ, նոր բեմադրիչներ, որ միշտ կենդանի մնա թատրոնը և միշտ առաջին հորիզոնականներում»։