Մատչելիության հղումներ

Երևանում կկայանա Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ


Այսօր երեկոյան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա Համառուստանյան երաժշտական թանգարանի հետ համատեղ կազմակերպված համերգ , նվիրված ռուս մեծանուն կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի ծննդյան150-ամյակին։ Համերգից առաջ տեղի կունենա Ռախմանինովի կյանքին և ստեղծագործությանը նվիրված ցուցահանդեսի բացումը։

Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, այս կապակցությամբ Երևան է ժամանել Համառուսաստանյան երաժշտական թանգարանի տնօրեն Միխայիլ Բռիզգալովը՝ մասնակցելու նաև վաղը ԳԱԱ կլոր սրահում Արվեստի ինստուտի հետ համատեղ կազմակերպվող գիտաժողովին՝ նվիրված Ռախմանինովի երաժշտական ժառանգությանը և նրա առչնչություններին հայ երաժշտությանն ու հայ կոմպոզիտորներին։

Այս տարի հունիսի 6-ին լրանում է նաև մեծանուն Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանը, որը կնշանավորի մի շարք իրադարձություններով թե' Հայաստանում, թե' արտերկրում՝ նոր գրքերի հրատարակություններ, համերգներ, փառատոներ, ցուցահանդեսներ, միջազգային գիտաժողովներ և այլն։

Աշխարհահռչակ կոմպոզիտորն իր մահկանացուն կնքել է ճիշտ 45 տարի առաջ մայիսի 1-ին, և երեկ երեկոյան նրա հիշատակի օրվա կապակցությամբ Առնո Բաբաջանյան համերգասրահում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուշագրավ մի համերգ, որի ընթացքում հնչեցին միայն կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները «Խաչատրյան» տրիոյի և ալտահար Մաքսիմ Նովիկովի մասնակցությամբ։

«Համերգային ծրագրում զետեղել էինք ոչ այդքան սովորական, լայն ունկնդրի համար ստեղծագործությունները, հնչում էին իր կամերային ստեղծագործությունները։ Իսկ ինչպես հայտնի է, Խաչատրյանը ավելի շատ ծանոթ է իր խոշոր գլուծգործոցներով, իր սիմֆոնիկ պատկերներով։ Իսկ իր կամերային ժառանգությունը ոչ պակաս հետաքրքիր է և արժեքավոր», - ասաց Արմինե Գրիգորյանը, ով նաև «Խաչատրյան» տրիոյի հիմնադիր ղեկավարն է։

Ուշագրավ է, որ համերգային ծրագիրը մեկնարկեց Արամ Խաչատրյանի ստեղծագործական կյանքի ամենավաղ շրջանում ՝1926 թվականին գրված ստեղծագործությամբ՝ դաշնամուրային տրիոյի համար գրված «Օրորոցային»-ով, իսկ հետո հնչեցին նրա սոնատ-մենանվագները ջութակի, թավջութակի, ալտի և դաշնամուրի համար։

Արամ Խաչատրյանի հիշատակին նվիրված համերգային երեկոն եզրափակվեց պրեմիերայով. - «Մեր ունկնդրին սպասում էր անակնկալ։ Հենց այդ երեկոյի համար մեր հրաշալի բարեկամ երաժշտագետ և կոմպոզիտոր Միխայիլ Գովժաևի կողմից ստեղծվել էր մի ստեղծագործություն մեր պատվերով, որը զետեղել էր այս բոլոր չորս սոնատների թեմատիկ պատկերները։ Եվ ստեղծված էր հենց դաշնամուրային կվարտետի համար։ Այսինքն՝ մենք բոլորս կատարելով սոլո-սոնատները, ավարտին հնչեցրեցինք այդ փոքրիկ ստեղծագործությունը, որ այդ սոնատների թեմաներով էր հենց։ Եվ պրեմիերան երեկ կայացավ»։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը բազմաթիվ արխիվային նյութերի հիման վրա Արամ Խաչատրյանի հիշատակի օրվա կապակցությամբ Առնո Բաբաջանյան համերգասրահի ճեմասրահում նաև նոր ցուցադրություն է բացել «Արամ Խաչատրյան. ժամանակաշրջանի դեմքեր» խորագրի ներքո։ Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի վերջը։

Մի քանի օր առաջ Արամ Խաչատրյանի-տուն-թանգարանը նրա հոբելյանին նվիրված ցուցահանդես բացել նաև Եկատերինբուրգում. «Մայիսի 15-19-ը Եկատերինբուրգում մեծ փառատոն է տեղի ունենալու, որը մենք համատեղ կազմակերպում ենք՝ տուն-թանգարանը, եռյակը և Սվերդլովսկի ֆիլհարմոնիան։ Եվ հինգ օր շարունակ հնչելու է Խաչատրյան՝ իր սիմֆոնիկ ստեղծագործությունները, իր կամերային ստեղծագործությունները։ Ցուցադրվելու են ֆիլմեր, ցուցահանդեսներ, ես նաև ելույթ կունենամ դասախոսությամբ։ Մեկ շաբաթ առաջ ես վերադարձա Տյումենից, որտեղ Տյումենի ֆիլհարմոնիայի նվագախմբի ուղեկցությամբ կատարեցի իր դաշնամուրային կոնցերտը։ Սա նույնպես փառատոնի ավարտ էր, որը նվիրված էր Խաչատրյանի 120-ամյակին։ Եվ նմանատիպ համերգներ, փառատոներ տարվա ընթացքում թե' Հայաստանում, թե' Հայաստանից դուրս տարբեր երկրներում տեղի կունենան՝ և' Ռուսաստանում, և' եվրոպական երկրներում, և' Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և' Հարավային Ամերիկայում, նաև ասիական երկրներում։ Այսինքն՝ պայմանավորվածությունները շատ մեծ են, և հետաքրքրությունը այս հոբելյանական տարեթվի հանդեպ նույնպես շատ մեծ է»։

Հարցին, թե արդյոք Արամ Խաչատրյանի երաժշտությունն այսօր շատ տարածված է աշխարհում, թե դրա համար դեռ շատ անելիք կա, Արմինե Գրիգորյանն արձագանքեց. - «Իհարկե նվագում են, իհարկե ճանաչված է, կարելի է ասել, որ Խաչատրյանը ամենաճանաչված հայն է ընդհանրապես աշխարհում, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Դա ամենօրյա քրտնաջան աշխատանք է իր ստեղծագործությունների և իր հանրահռչակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG