Լեհաստանի իշխանության ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ այսօր ժամանել են Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան դպրոցի շենք՝ պահանջելով ազատել շենքը։ Ռուսական կողմը հրաժարվել է կատարել պահանջը։
Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Անդրեյ Օրդաշը տեղեկացրել է, որ ռուսական կողմը Վարշավայի գործողություններն անօրինական է համարում՝ սպառնալով պատասխան դիվանագիտական քայլերով։ Լեհ պաշտոնյայի խոսքերով՝ ռուսաստանցիներին մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ը ժամանակ է տրվել շենքը լքելու համար։
Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը Վարշավայի գործողությունները որակել է Վիեննայի կոնվենցիայի կոպտագույն խախտում և իրավական կամայականություն։ ՌԴ ԱԳՆ-ն ևս դատապարտել է տեղի ունեցածը։
Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիայի համաձայն՝ ընդունող պետությունը պարտավոր է «նույնիսկ զինված հակամարտության դեպքում հարգել և պաշտպանել առաքելության տարածքը՝ իր գույքով և արխիվներով»:
Լեհաստանի արտգործնախարարության խոսնակ Լուկաշ Յասինան հայտարարել է, որ Ռուսաստանի դեսպանն իրավունք ունի ընդդիմանալու։
«Մեր կարծիքը, որը հաստատվել է դատարանների կողմից, այն է, որ այդ գույքը պատկանում է Լեհաստանի պետությանը և ապօրինի կերպով բռնազավթված է Ռուսաստանի կողմից»,- ասել է դիվանագետը։