Երևանը «պետք է ութ պահանջ կատարի Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար, այդ թվում՝ վերադարձնի սահմանամերձ ութ գյուղեր», երկուշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը՝ ասել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը։
«Հայաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, ամբողջովին դուրս բերի իր զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, վերադարձնի Ադրբեջանի սահմանամերձ դեռևս օկուպացված ութ գյուղերը, դադարեցնի ու ձեռնպահ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործունեությունից ու ապատեղեկատվությունից, դադարեցնի ականային ահաբեկչությունը, լույս սփռի մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա, որոնք անհետացել են հակամարտության ընթացքում, փոխհատուցի Ադրբեջանին պատճառած վնասները և բարեխճորեն բանակցություններ վարի խաղաղության պայմանագրի և երկու պետությունների միջև սահմանների դելիմիտացիայի համար»,- թվարկել է Յաշար Ալիևը։
Ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհի սկզբնամասում անցակետ տեղադրելուն, նա ասել է, որ դա «Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է», և որ «անցակետի տեղադրումը հիմնված է պետությունների տարածքային ինքնիշխանության և ամբողջականության հիմնարար սկզբունքների, անվիճարկելի իրավունքի, արտոնյալ և բացառիկ իրավասության և պարտականության վրա՝ ապահովելու իր սահմանների անվտանգությունն ու պաշտպանությունը»։
Ռոտացիոն կարգով հիմա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախագահում է Ռուսաստանը։
Ադրբեջանցիները կիրակի օրը փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել, ինչի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրները առանձին-առանձին մտահոգություն են հայտնել անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ, ընդգծելով, որ դա խաթարում է խաղաղության գործընթացը։
Բացի այդ, հայկական կողմը բազմիցս է հերքել ականների տեղադրումը, Արցախ ռազմամթերքի մատակարարումը և այլ կետերը, որոնց համար ադրբեջանական կողմը մեղադրանքներ է ուղղում։