Ադրբեջանական կողմը այսօր փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Արցախից շեշտում են, որ սա 2020թ. եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպտագույն խախտումն է, որն Ադրբեջանն անում է՝ զուգահեռաբար շարունակելով ապատեղեկատվություն տալ Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ։
«Արցախի Հանրապետության իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով Արցախի շրջափակումը խորացնող և էթնիկ զտմանը միտված հանցավոր քայլ, որը ոտնահարում է թե՛ եռակողմ հայտարարությունը, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը և թե՛ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր», - ասված է հաղորդագրության մեջ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որի ժամանակ կքննարկվեն վերջին զարգացումները և իշխանությունների համապատասխան անելիքները:
Այսօր ավելի վաղ Բաքուն մեղադրել էր հայկական կողմին Լեռնային Ղարաբաղ «ռազմական բեռի տեղափոխման համար», ինչպես նաև «առանց համաձայնեցնելու անցակետ տեղադրելու»։ Հայկական կողմը բազմիցս է հերքել Արցախ զենք և զինամթերք տեղափոխելու հայտարարությունները։
Ըստ Արցախի արտաքին գործերի նախարարության՝ վերջին հայտարարությունների բովանդակային հաջորդականությունը հստակ ընդգծում է Ադրբեջանի կողմից վարվող կեղծ տեղեկատվական արշավի նպատակը՝ հող նախապատրաստել Արցախի դեմ հնարավոր սադրանքների համար: