«Եթե եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն իսկապես աղմկոտ ստացվեց։
Այս խոսքերին երեկ երեկոյից ու մինչև այժմ արձագանքում են Հայ առաքելական եկեղեցու հետևորդներն ու հոգևորականները՝ հընթացս կոչ անելով աղոթել տիար Փաշինյանի համար։
Ինչ անհամաձայնություն կա, եթե Փաշինյանն իր խոսքը հիմնավորել է Պողոս Առաքյալին մեջբերելով. - «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար՝ ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»:
Իշխանությունն Աստծուց է, այո, տեր Շմավոն քահանան Պողոս Առաքյալի հետ համաձայն է, Նիկոլ Փաշինյանի հետ՝ ոչ։ Նախկին իշխանությունն Աստծուց չէ՞ր, հոգևոր իշխանությունն Աստծուց չէ՞ հարցնում է Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը. - «Այդ դեպքում եթե իշխանությունն Աստծուց է, ինչո՞ւ փորձեցին մերժել Սերժին, մյուսին և մյուսին. չէ՞ որ նրանք էլ էին իշխանություն, չէ՞ որ նրանք էլ են Աստծուց, եթե դիտարկենք այս առումով»։
Քահանան էլի օրինակներ ունի, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս, որ Աստծու թույլտվությամբ իշխանության եկածների ոչ բոլոր գործերն են աստվածահաճո. - «Արևմտյան Հայաստանի մեծ մասը գտնվում էր թուրքական լծի տակ, և եթե մենք ընդունենք, որ իշխանությունն Աստծուց է, և նրանց գործածը ճիշտ էր, ապա նշանակում է՝ Ցեղասպանության համար ինչո՞ւ ենք մենք դժգոհում, ինչո՞ւ ենք հայտ ներկայացնում, ուրեմն Աստծու կամքն էր, որ կոտորվեին ու կոտորվել են։ Ի՞նչ խնդիր կա դրանից։ Եթե իշխանությունն Աստծուց էր, ինչո՞ւ մենք դուրս եկանք Խորհրդային Միությունից, իշխանությունն Աստծուց էր։ Եթե իշխանությունն Աստծուց է, ապա ինչո՞ւ է ամբողջ աշխարհը փնովում Հիտլերին, ով իր իշխանությամբ աշխարհի կեսը կոտորեց, ինչո՞ւ»։
Տեր Շմավոն քահանան շեշտում է՝ իշխանավորները սրբեր չեն, ցմահ չեն գալիս իշխանության։ Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ հոգևոր հովվի, Աստծո ներկայացուցիչ չէ, այդպիսի միայն մեկը կա՝ Հիսուսը։
«Իշխանություն չի նշանակում տիրել, իշխանություն նշանակում է հոգ տանել, հոգատար գտնվել», - նշում է նա։
Ոչ հոգատար, կործանարար իշխանություն ու կոռումպացված, Աստծուն չհավատացող հոգևորականներ… Մայր աթոռ - իշխանություն հակամարտությունն արդեն մի քանի տարվա պատմություն ունի՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին հորդորեց հեռանալ, երկու օր առաջ էլ Մայր աթոռում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գարեգին Երկրորդը վերահաստատեց՝ հեռանալու հայրական հորդորը ուժի մեջ է։ Ենթադրվում է՝ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից հենց սրան հակադարձեց, թե իշխանությունս Աստծուց է։
Վեհափառը ցավով էր արձանագրել, որ եկեղեցի-իշխանություն համագործակցությունը չի ստացվում։ Ինչո՞ւ է այդպես, ասել էր՝ չգիտի, գուցե առանձին ինչ-որ երևույթներ են եղել եկեղեցականների կապված՝ մարդ են, կլինի։
«Եկեղեցականներն անսխալական չեն, եկեղեցականները կարող են վրիպել, սայթաքել, սխալվել, մեղք գործել, նրանք էլ մարդ են, ենթակա նման փորձությունների», - ասել էր նա։
Անհավատ հոգևորականներ եկեղեցում, ըստ վեհափառի, չեն կարող լինել, գուցե ինչ-որ փուլում տվայտվեն, տարակուսեն, բայց ի վերջո այդ ամենը հավատի հաղթանակով է ավարտվում։
Մայր աթոռից հրաժարականի հայրական հորդորին զուգահեռ նաև համագործակցելու հորդոր է հնչում. - «Մենք պատրաստ ենք ցանկացած հայորդու հետ, առավել ևս պետական պաշտոնյաների հետ, եթե նման անհրաժեշտություններ կան, խնդիրներ կան, հանդիպել և քննարկել ազգին, հայրենիքին հուզող հարցեր, առավել ևս հանրապետության վարչապետի հետ, նախագահի հետ»։
Նիկոլ Փաշինյանը հոգևոր առաջնորդներին երկխոսության կոչ էր արել խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող հանրահավաքին, բայց այդ կոչը վերջնագրի պես էր։
«Ձայն բազմաց, ձայն Աստծո, և Աստծո ձայնին առավել ևս որևէ հոգևոր սպասավոր հակադրվելու իրավունք չունի», - հայտարարել էր վարչապետը։
Մայր աթոռի ու իշխանականների հակադրությունը նաև եկեղեցական ու պետական հանդիսությունների ժամանակ է դրսևորվում՝ կա՛մ առանձին-առանձին են մասնակցում, կա՛մ բոյկոտում են։ Նույնիսկ Հիսուսի արձանի հարցում միակարծություն չկա. Նիկոլ Փաշինյանը ողջունում է ԲՀԿ առաջնորդի այդ նախագիծը, Մայր աթոռը դեմ է կտրականապես։