Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց օրվա երկրորդ կեսին, երբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ելույթ ունենալիս հայտարարեց, թե բողոքի ակցիա է անում, չի լքելու ամբիոնը։ Դահլիճում էր նաև վարչապետ Փաշինյանը։
«Ես հայտարարում եմ, որ իրականցնում եմ քաղաքական ակցիա և ի նշան բողոքի չեմ իջնելու Ազգային ժողովի ամբիոնից։ Եվ թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես։ Սիրելի գործընկերներ, եթե համաձայն եք իմ դիտարկումների հետ, կարող եք միանալ իմ ակցիային», - ասաց Թովմասյանը։
Ազգային ժողովի նախագահը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի կոչից հետո ամբիոնին մոտեցան նրա թիմակիցները՝ Տարոն Մարգարյանը, Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանն ու Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավոր։
«Հարգելի անվտանգություն, երկու պատգամավոր էստեղ ամբիոն են գրավում, և տիկնոջը նույնպես խնդրում եմ դուրս բերեք, որպեսզի բնականոն գործընթացը ես կարողանամ վերականգնել», - արագ դահլիճ մտած անվտանգության աշխատակիցներին դիմեց Ալեն Սիմոնյանը։
Անվտանգության աշխատակիցները փորձեցին ամբիոնից հեռացնել պատգամավորներին։
Երբ ամբիոնի մոտ քաշքշուկ սկսվեց, Նիկոլ Փաշինյանն հեռացավ դահլիճից։ Մթնոլորտը շիկացավ։ «Պատիվ ունեմ» խմբակցության տղամարդիկ շրջապատել էին կանանց, որպեսզի անվտանգության աշխատակիցները չկարողանան նրանց հեռացնել։
Անվտանգության աշխատակիցների ու պատգամավորների հրմշտոցը ուղեկցվում էր խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի և ընդդիմադիր կանանց լեզվակռվով։
Անվտանգության աշխատակիցները քաշքշոցով մի խումբ պատգամավորների դուրս բերեցին դահլիճից։
«Էն պատգամավորները, որոնք որ չեն մասնակցել էս ամեն ինչին, բնական է, կվերադառնան և կշարունակեն», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Ընդդիմադիրներից ոչ բոլորն էին այս հրմշտոցի մեջ։ Իշխանականներից ոչ մեկը չխառնվեց քաշքշոցին։
Կարճ ժամանակ անց նիստը վերսկսվեց։ Տասը պատգամավոր զրկվեց այսօր դահլիճ վերադառնալու իրավունքից։ Նրանց անունները հնչեցրեց խորհրդարանի խոսնակը. - «Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը»։
Մյուսներն էլ դահլիճ չվերադարձան, և նիստը շարունակվեց միայն իշխող մեծամասնության ելույթներով։
«Ազգային ժողովը ընդդիմադիր թևի հետ, թու-թու-թու, լավ գնում էր։ Ոնց որ աչքով տվեցին», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր պատգամավորի ակցիան «սադրանք» որակեց. - «Օրակարգ չկա, և գործելաոճ է ընտրվել տարբեր մարտավարություններով խանգարել և ներկայություն ապահովել, սադրանքներ կազմակերպել։ Թագուհի Թովմասյանը անակնկալ այսօր մատուցեց ոչ միայն իշխանությանը, այլ նաև ընդդիմությանը։ Ակնհայտ էր, որ ընդդիմադիր պատգամավորները շատ զարմացած էին տիկին Թովմասյանի քայլով։ Դա ինձ հիշեցրեց տիկին Թովմասյանի մեկ այլ դարակազմիկ քաղաքական գործունեության քայլ։ Երբ որ Արթուր Վանեցյանը հրապարակում ասեց, որ ինքը նստացույց է անում, Թագուհի Թովմասյանը հայտնվեց էնտեղ և էրկու օր հետո մեկնեց արտասահման՝ հանգստանալու կամ ինչ-որ գործով»։
«Հայաստան» խմբակցության պատգամավորները հրաժարվեցին խոսել ու գնահատականներ տալ դահլիճում տեղի ունեցածին։ Ակցիայի գլխավոր հերոսը՝ Թագուհի Թովմասյանը ապօրինություն որակեց իրենց նիստից զրկելու որոշումից. - «Ես իրականացնում էի քաղաքական ակցիա։ Նրանք կարող էին դրան շատ նորմալ վերաբերվել, որովհետև ժամանակին իրենք շատ են արել նմանատիպ ակցիաներ, և որևէ մեկը իրենց նկատմամբ այսպիսի բիրտ ուժ չի կիրառել։ Սա նշանակում է, որ մենք ուղղակի գործ ունենք տարրական անպատժելիության հետ»։
Այս շաբաթ արտահերթ նիստով կառավարությունը ներկայացնում է անցած տարվա ծրագրի հաշվետվությունը։ Մինչև սկանդալը նախատեսված էր, որ ամփոփիչ ելույթ պետք է ունենար Նիկոլ Փաշինյանը, ելույթի համար հերթագրվել էին նաև մեծ թվով ընդդիմադիրներ։