Primavera Foundation Of Armenia բարեգործական հիմնադրամի հրավերով Երևանում է և վաղը երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան։
Համերգը բարեգործական է։ Համերգից ստացված ողջ հասույթը որպես աջակցություն կհատկացվի Հայաստանի մարզերում դասական երաժշտության բնագավառում խոստումնալից հայ երեխաների և պատանիների կրթական ծրագրերի ֆինանսավորմանը։
Պոլինա Օսետինսկայան հանդես է գալիս աշխարհի լավագույն բեմերում թե' մենահամերգներով, թե' հեղինակավոր նվագախմբերի հետ՝ լավագուն դիրիժորների ղեկավարությամբ։ Բացառիկ, վիրտուոզ դաշնակահարուհու մասին գրել են մեր ժամանակների լավագույն երաժշտագետները։
Դաշնակահարուհին կատարելապես տիրապետում է բարրոկո դարաշրջանի երաժշտությանը, և վաղը երեկոյան հնչելիք համերգային ծրագրում կներկայացվի «Բարրոկո երաժշտությունը հեղինակային ֆիլմում» ուշագրավ ծրագիրը։ Այստեղ դաշնակահարուհին ներառել է Բախի, Հենդելի, Պյորսելի, Ռամոյի և բարրոկո ժամանակաշրջանի այլ հեղինակավոր կոմպոզիտորների այն ստեղծագործությունները, որոնք հնչել են 20-րդ դարի լավագույն կինոռեժիսորների՝ Ստենլի Կուբրիկի, Ինգմար Բերգմանի, Անդրեյ Տարկովսկու, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի և Լարս Ֆոն Տրիերի ամենահայտնի ֆիլմերում։ Վաղը երեկոյան մեր երաժշտասերները հնարավորություն ունեն վայել այդ երաժշտությունը Պոլինա Օսետինսկայայի կատարմամբ։
Դաշնակահարուհի արդեն իսկ մեկ անգամ հանդես է եկել Հայաստանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավերով՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, բայց սա դաշնակահարուհու առաջին մենահամերգն է Հայաստանում, և ինչպես ինքն էր շեշտում՝ շատ ուրախ է թե' կրկին Հայաստան վերադառնալու, թե' մենահամերգով հանդես գալու համար։
Բացի մենահամերգից, արդեն մի քանի օր է հիմնադրամի խնդրանքով դաշնակահահարուհին նաև վարպետության դասեր է անցկացնում կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում սովորող մի շարք ուսանողների հետ՝ նրանց փոխանցելով իր փորձն ու հմտությունը հատկապես բարրոկո երաժշտության կատարման համար։
Ի դեպ այս հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին, սկսել է գործել 2021 թվականից։ Հիմնադրամի տնօրեն, ազգությամբ ռուս, բայց Հայաստանում բնակվող Ելենա Յակովլևան «Ազատության։ հետ զրույցի ընթացքում շեշտում էր, որ հիմնադրամի նպատակները երեք են. բացահայտել և աջակցել երիտասարդ հայ տաղանդաշատ երաժիշտներին և հնարավորություններ ստեղծել նրանց միջազգային ճանաչման համար։ Նպատակ ունեն նաև կրթական ծրագրերի միջոցով զարգացնել երիտասարդ երաժիշտների կատարողական արվեստը, նաև արվեստի մենեջմենթի մասնագետներ պատրաստել։
Ելենա Յակովլևան հավելում էր նաև, որ իրենց հաջորդ նպատակն է խոշոր միջոցառումներ և համերգներ կազմակերպել արտասահմանյան երկրներում՝ հայկական մշակույթի և արվեստի միջոցով միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանի և ողջ հայկական մշակույթի գեղեցկությունը։ Հիմնադրամի մյուս նպատակն է զարգացնել Հայաստանու երաժշտական պրոդյուսերների դպրոցը՝ ապահովելով բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նման մասնագիտական ուղղվածություն ստանալ, սովորել հենց երիտասարդ երաժիշտների հետ, որպեսզի երաժշտական աշխարհը նրանք ներսից ճանաչեն և լավ ըմբռնեն երաժիշտներին։ Միայն այդ դեպքում նրանք կկարողանան անթերի փառատոներ, համերգներ և երաժշտական մրցույթներ կազմակերպել և ապահովել հայ երաժիշտների ու հայ երաժշտարվեստի հետագա զարգացման ընթացքը։