Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի օրն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ», - փոխանցում է Ադրբեջանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունը։
Ալիևն ասել է, թե «հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը» 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո: Նրա խոսքով՝ հինգ սկզբունքներ են առաջարկել, որոնք «խաղաղության պայմանագրի հիմքը պետք է լինեն»։
Իր հերթին, Օլսոնն ասել է, որ «ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը»։ Այս համատեքստում հատկապես նշվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի դերը, ասված է հաղորդագրությունում:
Օլսոնի այցը Բաքու կշարունակվի մինչև ապրիլի 21-ը։ Նա Բաքու է ժամանել Հայաստան երկօրյա այցից հետո: