Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը։ Ըստ դեսպանտան հաղորդագրության, պաշտոնյան Երևանում քննարկելու է հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցության և հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին ԱՄՆ աջակցությանն առնչվող հարցեր։
Վարչապետ Փաշինյանի հետ Օլսոնի հանդիպումը նախատեսված է վաղը։ Այսօր պետքարտուղարի փոխտեղակալին ընդունել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։
«Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան՝ փաստելով վերջին շրջանում առավել ակտիվացած փոխայցերը: Քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը և մի շարք ոլորտներում համագործակցության հնարավոր հեռանկարները», - ասված է Անվտանգության խորհրդի հաղորդագրությունում։
Պետքարտուղարի փոխտեղակալը այսօր Երևանում հանդիպել է նաև քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնում են ներկաները, քննարկել են տարբեր հարցեր Արցախից մինչև ժողովրդավարական բարեփոխումներ։
«Հանդիպումը chatham house էր, հետևաբար ես չեմ կարող ասել այդտեղ հնչեցված կարծիքները։ Կարող եմ ասել իմ բարձրացրած հարցերը։ Դրանց թվում են այն, որ ես փորձում էի ևս մեկ անգամ ներկայացնել, որ Ադրբեջանը բռնապետական երկիր է, որտեղ բնակչության մեծ մասը ատում է հայերին, և Ադրբեջանի կազմում լինելու դեպքում հայերը որևիցե մեխանիզմ չեն ունենա պաշտպանվելու ազգային պատկանելության համար հետապնդումներից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։
Արդյո՞ք ամերիկացի պաշտոնյայի տարածաշրջանային այցի գլխավոր թեման հայ-ադրբեջանական հակամարտությունն է։ Ավելի քան 4 ամիս փակ է Արցախը Հայաստանի կապող միակ ճանապարհը, Հայաստանի իշխանությունները շարունակ խոսում են էսկլացիայի մեծ վտանգի մասին։
«Ինձ թվում է, որ ամերիկյան կողմը փորձում է ավելի լավ պատկերացնել հակամարտությունը։ Բայց միաժամանակ նաև հաճախ տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներում մենք տեսնում ենք, որ իրենք նաև հետաքրքրություն ունեն ավելի լավ պատկերացնելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը», - նշեց Իոաննիսյանը
Վերջին ամիսներին Միացյալ Նահանգների կառավարության ուշադրության կենտրոնում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման ուղիների հարցը։ Մարտի սկզբին ԱՄՆ-ի արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունները տարածած հայտարարությամբ նշել են, որ «որոշ դերակատարներ շարունակում են փորձել խուսափել Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցներից՝ փորձելով խուսափել արտահանման վերահսկողությունից», այդ թվում՝ երրորդ կողմի միջնորդությամբ։ Հրապարակված ուղեցույցում նշված էին այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հայաստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, որոնք «օգտագործվել են Ռուսաստան կամ Բելառուս արգելված ապրանքները անօրինական կերպով հասցնելու համար»:
Այս հայտարարությունից քիչ չանցած Բեռլինում Հայաստանի վարչապետը ասուլիսի ընթացքում հերքել էր Հայաստանի մասնակցությունը այս սխեմաներին՝ դրանք անվանելով զուտ խոսակցություններ։ Ապրիլին արդեն Հայաստանում գրանցված մի ընկերություն՝ «ՏԱԿՈ» ՍՊԸ-ն հայտնվեց Վաշինգտոնի հակառուսական պատժամիջոցների տակ։ Հայաստանում գրանցված ընկերության սեփանակատերը Ռուսաստանի քաղաքացի է, որի ղեկավարած ընկերությունը զբաղվում է էլեկտրոնային սարքավորումների մեծածախ առևտրով։
Ի պատասխան հարցին, թե արդյոք պատժամիջոցների թեման ևս քննարկվել է այսօր քաղհասարկության հետ հանդիպմանը, Իոաննիսյանը չկարողացավ բացել փակագծերը՝ նշելով միայն, թե այնուամենայնիվ թեման Արևմուտքին հուզում է. - «Հայաստանը ամեն դեպքում եվրոպական և առհասարակ ծովային ուղիներին բավականին մոտիկ ԵԱՏՄ անդամ երկիր է։ Ի վերջո, ԵԱՏՄ անդամ համարյա ոչ մի երկիր չունի ծովային ուղի, և Հայաստանը բավականին մոտիկ է ծովային ուղիներին այս առումով։ Եվ ըստ էության, այն ամենը, ինչ որ ներմուծվում է Հայաստան, դա ներմուծված է ԵԱՏՄ։ Եվ հետո շատ դժվար է դրա վերաարտահանումը վերահսկելը՝ արտահանվեց, չարտահանվեց, ո՞ւր գնաց»։
Էրիկա Օլսոնից բացի, այս օրերին Հայաստան էր այցելել նաև Միացյալ Նահանգների կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լու Բոնոն, որը տարածաշրջան է եկել մեկ շաբաթով։ Նրա օրակարգի գլխավոր հարցը «շահագրգիռ կողմերի հետ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում օգնելն է»։