Անզորության զգացումը մղում է երբեմն անխոհեմ արարքների, «Ազատության» հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ մեկնաբանելով Ծանրամարտի եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցած միջադեպը:
Ուրբաթ երեկոյան՝ Ծանրամարտի եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ ոճաբան Արամ Նիկոլյանը խլեց Ադրբեջանի դրոշն ու մասամբ այրեց այն։ Հաջորդ առավոտյան հարևան երկիրը հետ կանչեց իր 4 մարզիկներին։ Կատարվածը խստորեն դատապարտեց նաև Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան։
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանն ասել է, որ դա թասիբով հայ տղամարդու արարք է, որն ուզում է, որ Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը: Ձեզ համար այս մոտիվը շարժառի՞թ է, առնվազն հասկանալի՞ է:
Խառատյան. - Ճիշտն ասած՝ սկզբունքորեն, այո, չնայած անհաջող են ձևակերպումները: Ինձ հասկանալի է, որ հատկապես 20 թվի պատերազմից հետո լրացուցիչ կրքեր են բորբոքված արդեն բորբոքված իրավիճակում, և ճգնաժամն այնպիսին է այսօր Սյունիքի, բոլորիս հայտնի Գեղարքունիքի, Նախիջևանի կողմից, իսկ հիմա առաջիկայում, նաև ակնհայտ գիտենք փորձով, հենց հիմա էլ դեպքերը կան, որ ադրբեջանական դիպուկահարների տարածքի գյուղատնտեսական աշխատանքների սպասվելիք նոր, ոչ թե ավելի հնարավոր, այլ առարկայորեն շատ հայտնի երևույթներ կարող են լինել: Ես կարծում եմ, որ անզորության զգացումը մղում է երբեմն անխոհեմ արարքների: Չեմ ճանաչում այդ տղային, բայց ես հնարավոր եմ համարում՝ հոգեվիճակի անզորության զգացումը կարող է մղել մարդուն այդպիսի արարքների: Հետո ձևակերպումներ ինքը կգտնի, ուրիշները կգտնեն, բայց սկզբունքորեն ես կարծում եմ՝ այն, որ օրինակ՝ հասարակ բան է, որ ամոթ է նույնիսկ այդպես ասել, հայկական ազգանունով մարդուն Ադրբեջան գնալն արգելվում է, Արցախ գնացող ամեն մի արտասահմանցու համար իբրև թե Ադրբեջանի դռները փակվում են և այլն: Այսինքն՝ այս անհեթեթությունների շղթան նույնիսկ այն դեպքում, երբ այդ երկրի նախագահը հայտարարում է, որ ինքը դեմ չի ժողովրդական դիվանագիտության բանակցություններին, դեմ չի, բայց այդպիսի հնարավորությունները կանխում են, երբեք մեր իշխանությունների կողմից չեն ստացել որևէ գնահատական: Հասարակության մեջ քննարկվել է, հասարակության մեջ կրքեր է բորբոքել, այ, սա հենց այն դեպքն է, երբ ասում են, որ մարդու ներվային համակարգը կարող է տեղի տալ, և կարող է այդ տղան շատ հավասարակշիռ մարդ է ընդհանրապես իր կյանքում, բայց երբեմն այդպիսի պորթկումներ կարող են լինել:
«Ազատություն». - Այսինքն՝ սա ճիչ է, թեկուզ հուսահատ:
Խառատյան. - Այո: Ես ամենևին չեմ ուզում սա գնահատել որպես խիզախ կամ թուլամորթ, երկու տարբերակներն էլ ցանցերում հիմա քննարկվում են, անթասիբ և թասիբով մարդու արարք, ես գնահատում եմ քաղաքական ճգնաժամի տարբեր իրավիճակներում հնարավոր դեպք է: Բարեբախտաբար, տղան մարդ չի սպանել, իսկ մարդասպանության և բռնի ու շատ ավելի սարսափելի գործողությունների մենք շատ հաճախ ենք հանդիպել այս ընթացքներում:
«Ազատություն». - Տիկին Խառատյան, բայց նա շարունակում է, ասում է՝ «արել եմ, որ մարդիկ երբեք չմտածեն, որ հայերը սովորում կամ փորձում են հարմարվել ինչ-որ իրավիճակների»: Այսինքն՝ նրա ասածն այն է, որ մենք չենք էլ ուզում այս թշնամանքն ավարտվի, հանկարծ այդ ուղերձը չստանաք:
Խառատյան. - Կամ հակառակը՝ որ մենք չենք կարող այս թշնամանքի պայմաններում ձևացնել, որ բան չկա: Չափազանց շատ բարդացված, չափազանց շատ կեղծիքով լցված, չափազանց շատ ուժի առկայությամբ՝ իբր դիվանագիտություն, հարաբերությունների քննարկում, ուժի կիրառում և չափազանց շատ միջազգային պասիվություն այս խնդիրներին, և 80 տոկոսով շրջափակված սահմաններով Հայաստանում, այո, հնարավոր է, փակ տարածք է: նույնիսկ սովետական հայտնի հսկա ագենտուրայի հսկողության պայմաններում լինում էին այդպիսի դեպքեր և մենք գիտենք թե՛ Կիրովաբադում ֆուտբոլային խաղերի ժամանակ ընդհարումը, թե՛ Կապանում: Դրանք էն ամենառեժիմային խորհրդային տարածքներում էին լինում: Չլուծված վեճերը կամ ուղղակի քողարկված, կամ էլ կեղծիքով ներկայացված բարեկամությունը, որն ընդերքում անընդհատ մլմլում է և իրական հարաբերությունները չեն համապատասխանում ներկայացվածին, միշտ կարող են այսպիսի իրավիճակներ առաջանալ: