Կիրակի երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք հանդիսությամբ կնշվի հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանը։ Այս հանդիսությամբ էլ կտրվի հայ կինոյի հոբելյանի կապակցությամբ ձևավորված կառավարական հոբելյանական հանձնաժողովի նախաձեռնած՝ ողջ տարվա ընթացքում Հայաստանում և արտերկրում կայանալիք տասնյակ ու տասնյակ միջոցառումների մեկնարկը։
Նախատեսված են կինոփառատոներ, կրթամշակութային ծրագրեր, հանդիպումներ կինոգործիչների հետ մայրաքաղաքում և մարզերում, կնշվի նաև հայկական անիմացիայի հիմնադրման 85-ամյակը, և այլն, և այլն։
Հայ կինոյի 100-ամյա հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում, որի շրջանակում էլ այս տարի Հայաստանում տեղի կունենա նաև հայ կինոյի հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողով։
Ուշագրավ է, որ Կառավարության որոշմամբ այս տարի ի նշանավորումն հայ կինոյի 100-ամյակի՝ 70 տոկոսով ավելացել է կինոնկարների արտադրության և կինոժառանգության պահպանման համար հատկացվող բյուջեն՝ կինոարտադրության համար կհատկացվի 478 միլիոն դրամ, իսկ կինոժառանգության պահպանման համար՝ 93 միլիոն դրամ։ Հոբելյանական ծրագրերի միջոցառումների պատշաճ իրականացման համար հատկացվել է 1 միլիարդ դրամ։
Իսկ վաղը Օպերային թատրոնում կայանալիք հոբելյանական հանդիսավոր երեկոյի ընթացքում նախատեսված է նաև հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» համր ֆիլմի վերականգնված մի հատվածի ցուցադրությունը։ Հիշեցնենք, որ հոբելյանական միջոցառումների շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով արդեն իսկ հրատարակվել է «Համո Բեկնազարյան» եռալեզու ծավալուն պատկերագիրքը։
Ընթացքի մեջ են մեր մեկ այլ անվանի կինոռեժիսորի՝ Ֆրունզե Դովլաթյանի հանրահայտ «Բարև, ես եմ» ֆիլմի վերականգնման աշխատանքները, ինչից հետո ֆիլմն այս տարի կներկայացվի Կաննի հեղինակավոր փառատոնին։
Պետության կողմից կինոժառանգության պահպանման համար հատկացված գումարներով այս տարի կվերականգնվեն տասնյակ ու տասնյակ ֆիլմեր, իսկ գործընթացը շարունակական է լինելու: Նախատեսվում են առնվազն 100 վերականգնված ֆիլմերի պրեմիերաներ թե՛ Երևանում, թե՛ մարզերում։
Ինչպես ընդգծում է Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, «կինոն շատ թանկ հաճույք է, և դրա համար շատ կարևոր է, միայն պետության ֆինանսավորումով և դրսի համարտադրողներով չի լինում, որովհետև պետք է Հայաստանի մեր մասնավոր սեկտորն էլ մտածի, որ այսօրվա կինոյին անհրաժեշտ է աջակցություն, և կարևոր է, որ ավելի մեծ գումարներ լինեն Հայաստանի կողմից ու ոչ թե արտերկրի»:
«Այսինքն՝ մենք այսօր ֆինանսավորում ենք նախագծեր, ուր հիմնականում համատեղ արտադրություն է, այսինքն՝ մեր լիամետրաժ ֆիլմերի 99 տոկոսը, այսինքն՝ չկա նույնիսկ այնպիսի լիամետրաժ կինո, որը ամբողջությամբ արվում է Հայաստանի գումարներով, մեծ մասը, այսինքն՝ բոլորը լիամետրաժները, արվում են համատեղ արտադրություն տարբեր երկրների հետ: Բայց դրա մեջ եթե Հայաստանից նաև մասնավորը մասնակցի ֆիլմարտադրությանը, շատ ավելի լավ կլինի նույն մեր հայ արտադրողի համար», - հայտարարում է Միրզախանյանը՝ շարունակելով. - «Կինոն պահանջում է ներդրում: Չի լինում ուղղակի՝ խելոք մտքեր ունենաս, լավ ստեղծագործես, ու ձրի լավ կինո անես, աշխարհում չկա նման բան»:
«Հավելենք մի բան՝ այ որ ասում ենք՝ հաջողություններ է ունենում, մեզ շատ ուրախացնում է, կոնկրետ ինձ, որ մեծ մասը երիտասարդներն են, սկսնակները, որ կարողանում են արդեն ճիշտ քայլեր անել: Ու սա մեզ համար շատ կարևոր է, որովհետև մենք իրենց մեջ ենք փնտրում՝ ով է դառնալու հետո ավելի ճանաչված, համաշխարհային մասշտաբով ստեղծագործող ռեժիսոր», - ասում է Ազգային կինոկենտրոնի տնօրենը:
Հավելենք, որ երեկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայ կինոյի հոբելյանի կապակցությամբ պարգևատրել է մի շարք կինոգործիչների նախարարության Ոսկե մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով՝ շնորհավորելով և իր երախտագիտությունը հայտնելով հայ կինոյին մատուցած նրանց անձնվեր ծառայության համար։