Մատչելիության հղումներ

Տիգրան Հեքեքյանը «Ազգային Սինեմաթեքին» է նվիրել Համո Բեկնազարյանի դաշնամուրը


Կինոյի տունը, որտեղ գործում է «Ազգային Սինեմաթեքը»
Կինոյի տունը, որտեղ գործում է «Ազգային Սինեմաթեքը»

Այս տարի նշվում է հայ կինոյի ստեղծման100-ամյա հոբելյանը։ Հայ կինոն անխզելիորեն կապված է մեր մեծանուն կինոռեժիսորներից Համո Բեկնազարյանի անվան հետ։ Հենց նրա շնորհիվ է հիմնադրվել հայ կինոն, նկարահանվել առաջին հայկական ֆիլմը և, վերջապես, Համո Բեկնազարյանի շնորհիվ է ստեղծվել «Հայֆիլմ» կինոստուդիան, որը հետագայում կրել է նրա անունը անունը։

Եվ մեծ կինոռեժիսորից մեծ հասած յուրաքանչյուր իր մեկդարյա պատմությունն է կրում։ Երեկ երեկոյան Հայաստանի կինոգործիչների միությունում տեղի ունեցած հանդիսության ժամանակ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, անվանի խմբավար, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» աշխարհահռչակ երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանը Կինոգործիչների միության «Ազգային Սինեմաթեք» թանգարանին նվիրաբերեց Համո Բեկնազարյանի դաշնամուրը, որը իր պատվավոր տեղը գտավ կինոյի թանգարանում։

«Գործիքը արդեն տասնհինգ տարուց ավել գտնվում է ինձ մոտ։ Ստացել եմ նվեր իմ շատ լավ բարեկամ, ընկերուհի Անահիտից, որը բժշկուհի է և որը, այնպես ստացվեց, որ դարձավ հաջորդ բնակիչը Համո Բեկնազարյանի երևանյան չորսսենյականոց բնակարանի, որը գնել էր Համո Բեկնազարյանի քրոջ թոռնուհուց։ Հին դաշնամուր է, մոմակալներով։ Գիտեր, թե դա ում գործիքն է, և փայփայում էր, ինչպես յուրաքանչյուր կիրթ մարդ։ Մինչև եկավ պահը, որ պիտի բնակարանն ազատեին։ Եվ երբ որ պիտի ազատեին, զանգահարեց ինձ և ասեց՝ ես չեմ պատկերացնում էլ ում կարող եմ դա տալ, քեզ եմ ճանաչում, քեզ եմ ուզում դա նվիրել։ Գործիքը պահեցի համապատասխան մի տեղում՝ հույս ունենալով, որ կնվիրեմ կամ կինոստուդիային, կամ թանգարան կլինի Համո Բեկնազարյանի անվան։ Կինոստուդիան արդեն չկար՝ մասնատված, բաժանված, վաճառված, չգիտեմ ինչ վիճակում։ Եվ չգտա այն կառույցը, որին պետք է դա նվիրել։ Եվ էդպես պահեցի այնքան, մինչև իմացա, որ հիմա կինոմիությունը շատ ակտիվ գործում է, այդ Սինեմաթեք թանգարանն է բացել, և կան հոգատար մարդիկ՝ Արայիկը Մանուկյան և Խաչատրյան Հարությունը, որոնք սրտացավ, իսկապես կինոյով ապրող մարդիկ են», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Հեքեքյանը։

Նա մատնանշեց նաև մեկ այլ պատճառ. - «Այցելեցի Կինոտուն և տեսա, որ նմուշ չի մնացել։ Ասում եմ՝ հին կինոստուդիայից հագուստներ, հանդերձանքներ, տարբեր ռեկվիզիտներ, ինչ-որ մի բան... ասում ա՝ ոչինչ չի մնացել։ Շատ տխրեցի։ Այսինքն՝ սա մեր ապաշնորհ տեսակն է, որ մենք ամեն հինը ջնջում ենք և մենակ հիշողության մեջ ենք պահում։ Բայց գալիս է պահը, ասում են դե ապացուցեք։ Ոնց որ հիմա չենք կարողանա շուտով ապացուցել, որ Երևանի հին քաղաք է։ Արդեն ոչ մի շենք չի մնացել, հին շենքերը մեզ մոտ արդեն մնում են 1950 թվականներից։ Նույնիսկ ամենահին շենքերը որ կան, ասենք ԱՕԿՍ-ի փառահեղ շենքը, դրանք1800-ականների վերջերի շենքեր են։ Իսկ ո՞ւր են 1800-ականի սկիզբը, 1700-ականը։ Երբ որ ես պտտվում եմ աշխարհով մեկ, ես տեսնում եմ ոչ միայն քարե, այլև փայտի տներ՝ խնամքով վերականգնված։ Օրինակ, մենք բոլորս գնում ենք Իտալիա և ասում ենք՝ դա ուղղակի բաց թանգարան է։ Նույնը կարելի է հին Ռիգայի և հին Տալլինի մասին։ Բայց գալիս ես Երևան ու արի ու տես՝ ոչ մի բան չի մնացել»։

Տիգրան Հեքեքյանը համոզված է, որ պետք է ցանկացած առիթ օգտագործել մեր մեծերին հավուր պատշաճի հիշելու, նրանց արածը մեծ գնահատանքի արժանացնելու համար։ Այդ է պատճառը, որ Համո Բեկնազարյանի դաշնամուրի նվիրաբերումը կինոյի թանգարանին մի հրաշալի առիթ էր կրկին խոսելու նրա մասին, նրա անցած ճանապարհի, որը հրաշալիորեն ներկայացվեց նաև «Շողակաթ» կինոստուդիայի նկարահանած Համո Բեկնազարյանի մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ և, իհարկե, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հրաշալի համերգով։

Հայտնի է, որ Համո Բեկնազարյանը իր հսկայական ներդրումը ունենալով անցած դարասկզբին հայ կինոյի ստեղծման գործում՝ չափազանց դառնացած և վիրավորված է գնացել Հայաստանից, որովհետև այստեղ նրա դեմ սկսել էր գործել պետական չինովնիկական մամլիչ մեքենան։

Ինչպես շեշտում է Տիգրան Հեքեյանը, ցավոք, մինչև այժմ այդ արատավոր երևույթը գոյություն ունի Հայաստանում, և այս 100 տարիների ընթացքում շատ արվեստագետներ են դա իրենց սեփական մաշկի վրա զգացել. - «Դաս չենք քաղում և այսօր էլ շարունակում ենք նեղել արվեստագետներին։ Գիտեք փոքրիկ չինովնիկները, իրանք էնքան պուճուրիկ են, որ իրանք ներվայնանում են, որ այն ոլորտը, որ իրանց տրվում է ղեկավարել, իրենք տեսնում են հսկաներ։ Էդ հսկաներն իրենց նյարդայնացնում են, ու իրենք սկսում են իրանց պուճուր, մոծակային, կարիճային, խայթոցներով թունավորել այդ մնայուն արժեքների կյանքը։ Ես դիմում եմ բոլոր այսօրվա և վաղվա մեծ և փոքր պաշտոնյաներին, որոնց վստահված են ոլորտներ, հատկապես գիտությունն ու մշակույթը, կրթությունը։ Մի' տանջեց, մի' կեղեքեք մեր մտավորականներին, մեր իրական արվեստագետներին, մի' փակեք, մի' լուծարեք, մի' կրճատեք։ Նպաստեք ընդամենը։ Եվ թատրոններ մի փակեք, խմբեր մի փակեք, մի կրճատեք հաստիքներ։ Որովհետև մեծ մարդը կամ թեկուզ պարզ պաշտոնյան երբեք իրենք թույլ չի տա...»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG