Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը տեղեկացրել է, որ հաշվի առնելով անվտանգության ապահովման խնդիրները| տեղական իշխանությունները որոշել են չեղարկել Կուրսկ քաղաքում մայիսի 9-ի տոնական զորահանդեսը:
Նահանգապետի փոխանցմամբ, օպերատիվ շտաբը որոշել է Հաղթանակի օրը խստացնել հակաահաբեկչական միջոցները:
Անցած շաբաթ Հաղթանակի զորահանդեսը չեղարկելու մասին է հայտնել նաև Բրյանսկի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: Նա ասել է, թե իշխանությունները չեն ցանկանում «կենտրոնում մեծ թվով զինտեխնիկայով և զինծառայողներով սադրել թշնամուն»:
Իշխանությունները չեն բացառել, որ կարող է տեղի ունենալ «Անմահ գնդի» երթը, բայց դեռ հայտնի չէ, թե որ ձևաչափով:
Ուկրաինայի հետ սահմանակցող Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում որոշ բնակավայրեր ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում պարբերաբար հայտնվում են կրակի տակ, կան զոհեր և ավերածություններ:
Շրջանային իշխանությունները պնդում են, որ գրոհներն Ուկրաինայի տարածքից են իրականացվում: Կիևն այդ տեղեկությունները չի մեկնաբանում:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերջերս հավաստիացրել է, որ Մոսկվայում Հաղթանակի օրվա զորահանդեսը չեղարկելու կամ դրա ձևաչափը փոխելու խնդիր չկա:
«Ամեն ինչ տեղի կունենա ըստ նախատեսված ծրագրի, բայց կձեռնարկվեն անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ», - ասել է Պեսկովը: