Մատչելիության հղումներ

Ականատես ենք, թե ինչպես են թշնամանքի, ատելության դրսևորումները բաժանարար պատնեշներ դնում հայ ժողովրդի կյանքում. Գարեգին Երկրորդ


Ականատես ենք, թե ինչպես են թշնամանքի, ատելության դրսևորումները բաժանարար պատնեշներ են դնում հայ ժողովրդի կյանքում, Սուրբ Հարության տոնի առիթվ մատուցած պատարագին ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։

«Մեր հայրենիքը ներքին և արտաքին մտահոգիչ մարտահրավերների պայմաններում դիմակայում է անվտանգ ու խաղաղ կյանքի ապահովման ամենօրյա փորձությունների։ Հարազատ Արցախը տևական ժամանակ շրջափակված է և դիմագրավում է անասելի դժվարությունների ու զրկանքների։

Այս անհանգստացնող, վտանգալի երևույթների հանդիման, մեր սրտերում կրելով չամոքվող վիշտը մեր նահատակ, գերեվարված, անհայտ կորած ու վիրավոր զավակների, ականատես ենք նաև ցավալի այլ իրավիճակի, թե ինչպես են թշնամանքի, ատելության դրսևորումները բաժանարար պատնեշներ դնում աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում, խարխլում ազգային միաբանությունը», - իր պատգամում նշել է Գարեգին Բ կաթողիկոսը։

Կաթողիկոսի գլխավորությամբ Պատարագը մատուցվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Ինչպես վերջին մի քանի տարիներին, այս անգամ էլ Սուրբ պատարագին չեն մասնակցել բարձրագույն իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես վարչապետը, նախագահը, ներկա էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը (Մեծ Զատիկը):

Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տոնը շնորհավորել է 139-րդ Սաղմոսով։

«Սուրբ Զատիկը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից է, որի խորհուրդը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակն է:

Այս նվիրական տոնի կապակցությամբ սրտանց մաղթում եմ մեր երկրին ու քաղաքացիներին ամուր հավատ, ոգու ամրություն ու ընտանեկան ջերմություն», - տոնի առթիվ հղած իր շնորհավորանքում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Սուրբ Հարության տոնի առթիվ պատարագ է մատուցվել նաև Ստեփանակերտի Սբ. Աստվածամոր Հովանու մայր տաճարում, որին մասնակցել են Արցախի գործող, երկրորդ և երրորդ նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG