Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները։ Թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռեջեփ Էրդողանն ու Իբրահիմ Ռաիսին քննարկել են տարածաշրջանային զարգացումները, երկկողմ հարաբերությունները և Իսրայելի հարձակումները Ալ-Աքսա մզկիթի վրա։
«Նախագահ Էրդողանն ընդգծել է իսլամական աշխարհի միավորման կարևորությունը՝ ընդդեմ Պաղեստինի դեմ Իսրայելի ահագնացող անմարդկային հարձակումների, հատկապես՝ Ալ-Աքսայի վրա», - հաղորդում է թուրքական լրատվամիջոցը։
Պաշտոնական Թեհրանը դատապարտել է Լիբանանի և Գազայի տարածքներին հասցված իսրայելական հարվածները, որոնք իրականացվել են ի պատասխան հրթիռային հարձակումների։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանը Իսրայելի հարվածները գնահատում է որպես Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, միջազգային իրավունքի և ճնշումների ենթարկվող պաղեստինյան ժողովրդի իրավունքների կոպիտ խախտում։