Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ


Աապրիլի 5-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, նշանառության տակ վերցրել այս անգամ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի 48-ամյա բնակիչ Ռոբերտ Բեգլարյանին, հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։

Ըստ հաղորդագրության՝ Արցախի բնակիչը ժամը 16:00-ի սահմաններում, Խնապատ գյուղի վարչական տարածքում իրեն պատկանող տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում:

«Հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր զենքերով կրակել են Արցախի բնակչի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել՝ խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում հայտնում է, որ անցած մեկ օրում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Մարտակերտի շրջանում, տուժածներ չկան: Թե որ կողմից են կրակել, նշված չէ, հաղորդվում է միայն, որ խաղաղապահների հրամանատարությունը «քննություն է իրականացնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG