Մատչելիության հղումներ

ԱՄՆ ֆիննախ․ «Սլովակիայի քաղաքացի Մկրտիչևը փորձել է կազմակերպել հյուսիսկորեական զենքի առաքումը Ռուսաստան»


Հյուսիսային Կորեա - Զորահանդես Փհենյանում, արխիվ
Հյուսիսային Կորեա - Զորահանդես Փհենյանում, արխիվ

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հինգշաբթի երեկոյան հայտարարեց Ռուսաստանին ուկրաինական պատերազմում աջակցելու համար սահմանված հերթական անհատական պատժամիջոցի մասին։ Այս անգամ ամերիկյան սանկցիաների թիրախում է հայտնվել Սլովակիայի քաղաքացի Աշոտ Մկրտիչևը։ 1966 թվականի մայիսին Բաքվում ծնված և այժմ Բրատիսլավայում բնակվող Մկրտիչևն, ըստ ամերիկյան իշխանությունների, փորձել է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի և Փհենյանի միջև՝ նպաստելով Ռուսաստան հյուսիսկորեական արտադրության սպառազինության առաքմանը։

«2022 թվականի վերջին և 2023-ի սկզբին Մկրտիչևը, Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչներից մեկի հետ միասին, բանակցություններ է վարել ռուսական կողմի հետ։ Դրանց ընթացքում քննարկվել է մեկ օդանավի և հումքի դիմաց կորեական արտադրության սպառազինության մոտ երկու տասնյակ տեսակների Ռուսաստան մատակարարման հարց», - նշված է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Նույն փաստաթղթի համաձայն՝ Մկրտիչևի միջնորդությամբ ընթացած ռուս-կորեական այդ բանակցությունների ընթացքում «ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց համաձայնությունն են տվել գործարքի կնքմանը»։ Ամերիկյան կողմը պնդում է, որ Մկրտիչևը ռուս պաշտոնյաների հետ զբաղվել է նաև Փհենյանի պահանջած օդանավը Հյուսիսային Կորեային փոխանցելու հարցով։

Ըստ ամերիկյան կողմի՝ Մկրտիչևի մասնակցությամբ այս բանակցությունները վկայում են, որ Ռուսաստանը հուսահատ կերպով փորձում է լրացնել ուկրաինական պատերազմի ընթացքում կրած նյութական կորուստները։

«Ուկրաինայում պատերազմի սկզբից Ռուսաստանը շուրջ 9 հազար միավոր զրահատեխնիկա է կորցրել և այժմ այդ կորուստները լրացնելու միջոցներ է փնտրում», - նշված է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության հաղորդագրությունում։

Գերատեսչության ղեկավար Ջանեթ Յելենի խոսքով՝ «այն սխեմաները, որոնց մասին հիշատակվում է Մկրտիչևի գործում, վկայում են, որ Պուտինի վերջին հույսը մնացել են Իրանն ու Հյուսիսային Կորեան»։

Աշոտ Մկրտիչևի մասին բաց աղբյուրներում այնքան էլ շատ տեղեկություններ չկան։ Հայտնի է միայն, որ 2009 թվականին Սլովակիայի առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել պատվիրված սպանության կազմակերպման համար։ Դատավճիռը, սակայն, այդպես էլ ուժի մեջ չէր մտել։ Մկրտիչևի դատավարության ընթացքում սլովակյան լրատվամիջոցները նրան բնութագրում էին որպես «նախկինում զենքի վաճառքով զբաղված անձ»։

Այսօրվա դրությամբ Մկրտիչևի անունով Սլովակիայում միայն մեկ ընկերություն է գրանցված՝ 5 հազար եվրո կանոնադրական կապիտալով։ Դատելով ամերիկյան ֆինանսների նախարարության տրամադրած անձնագրային տվյալներից՝ Մկրտիչևն այժմ գրանցված է Բրատիսլավայի հարավում՝ Ավստրիայի սահմանից ուղիղ գծով ընդամենը 800 մետրի վրա գտնվող բազմաբնակարան մի շենքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG