Չինաստանի հետ Եվրամիության հարաբերությունները կախված են այն դիրքորոշումից, որը Պեկինը կորդեգրի Ուկրաինայի դեմ պատերազմի հարցում, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։
«Եկեք անկեղծ լինենք՝ Չինաստանի վերաբերմունքը Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին կդառնա որոշիչ գործոն Եվրամիության ու Չինաստանի միջև հարաբերությունների համար», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան միաժամանակ ընդգծել է, որ Միությունն ուզում է դիվանագիտական կայունություն հաստատել Պեկինի հետ հարաբերություններում:
«Չինաստանի հետ կապերը խզելը ճիշտ չէ, դա չի բխում Եվրոպայի շահերից», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ տեղեկացնելով, որ մոտ ապագայում Ֆրանսիայի նախագահի հետ կայցելեն Պեկին՝ «անկեղծ ու բաց բանակցությունների»։
Չինաստանն անցած ամիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիր ներկայացրեց։ Անդրադառնալով այդ առաջարկին՝ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե Եվրամիությունը չի ընդունի կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսի ռուսական զորքերի դուրսբերումը Ուկրաինայի տարածքից։