Վայրէջք երկրորդ փորձից
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի Airbus A340 օդանավը երեկ ուշ երեկոյան Հյուսիսային Մակեդոնիայից է ժամանել Թբիլիսի, որտեղ երկրորդ փորձից է վայրէջք կատարել:
Պատճառը տեխնիկական էր, բայց դա, կարծես, խորհրդանշական լրացուցիչ երանգ է հաղորդել այցին, վկայելով, որ Եվրոպական միության և Վրաստանի հարաբերություններում ի հայտ են եկել եթե ոչ ճգնաժամ, ապա առնվազն անհարթություններ և տարակարծություններ:
Օդակայանում Վրաստանի և Գերմանիայի դրոշների կողքին ԵՄ դրոշը չկար
Վայրէջքի հետ կապված ևս մեկ խորհրդանշական հանգամանք՝ նախարարի ժամանման պահին երեկ օդակայանում տեղադրված են եղել Վրաստանի և Գերմանիայի դրոշները:
Ինչո՞ւ չկար եվրամիության աստղազարդ դրոշը: Վրաստանի արտաքին գերատեսչությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ, ըստ արարողակարգի, այցերի ժամանակ տեղադրվում են միայն ընդունող երկրի և ժամանած հյուրի երկրի դրոշները:
Բայց վրացական պարբերականներն անմիջապես հիշեցրել են, որ երբ 2018-ին Թբիլիսի է ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ օդակայանում տեղադրվել են ոչ միայն Վրաստանի և Գերմանիայի, այլև Եվրամիության դրոշները:
Բեռլինը կօգնի Թբիլիսիին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման ճանապարհին
Այցից առաջ Բերբոքը տարածել է գրավոր ուղերձ, որով կարևորել է Վրաստանի եվրոպական կողմնորոշումը:
«Վրաստանի բնակչությունն իր համար հստակ նպատակ է դարձրել անդամակցումը Եվրոպական միությանը: Վերջին օրերին մարդիկ դուրս էին գալիս փողոցներ Եվրամիության դրոշներով, բազմակարծության և օրենքի գերակայության կարգախոսներով: Ինձ վրա մեծ տպավորություն են թողել Թբիլիսիում Եվրամիության դրոշները: Ես իմ այցի ընթացքում միանշանակ հայտարարելու եմ, որ Գերմանիան անվերապահորեն աջակցում է Վրաստանի եվրոպական կողմնորոշումը: Մենք տեսնում ենք ճնշումը, որին երկիրը ենթարկվում է թե՛ դրսից և թե՛ ներսից»,- ասել է նախարարը:
Նա հավաստիացրել է, որ Վրաստանի ղեկավարների հետ կքննարկի այն քայլերը, որոնք Թբիլիսին պետք է կատարի Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ապահովելու համար:
Եվրոպական արժեքների հարցում զիջում չի կարող լինել
Դրանք են քաղաքացիական հասարակության ակտիվ և անարգել մասնակցությունը քաղաքական գործընթացներին, մամուլի ազատությունը, փոխադարձ հարգանքը, նույնիսկ տարակարծությունների առկայության պարագայում: Ըստ Աննալենա Բերբոքի, այդ արժեքներն են միավորում Եվրոպական միության երկրները, և դրանց վերաբերյալ զիջումներ չեն կարող լինել:
Բերբոքն ասել է, թե Բեռլինում ուշադրությամբ հետևել են «Օտարերկրացի գործակալների մասին» օրինագծի քննարկումներին և դրանից հրաժարվելու պահանջով զանգվածային:
Վրացի պաշտոնակից Իլիա Դարչիաշվիլիի հետ այսօրվա համատեղ ասուլիսում Բերբոքը, հավաստիացրել է, որ Գերմանիան պատրաստ է օգնել Վրաստանին Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման ճանապարհին անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու գործում: «Ես եկել եմ ոչ միայն որպես Գերմանիայի արտգործնախարար, այլև Վրաստանի բարեկամ»,- ասել է Բերբոքը:
Իլիա Դարչիաշվիլին, իր հերթին, հայտնել է, որ եվրոպական ինտերգրումը վրաց ժողովրդի հստակ ընտրությունն է, որից նա երբեք չի հրաժարվի:
Բերբոքը վրացական իշխանամետ մամուլի քննադատության թիրախում է
Ըստ Բերբոքի, Բեռլինում տեսնում են, որ Վրաստանում արձանագրվել են որոշ շեղումներ եվրոպական ինտեգրման ճանապարհից:
Արձագանքելով այդ մեկնաբանությանը, «Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ասել է, թե Աննալենա Բերբոքը կտրվել է իրականությունից: Վրացական իշխանամետ մամուլում Բերբոքն այս օրերին քննադատության թիրախ է դարձել:
«Տվեք ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, և բևեռացում չի լինի»
Բերբոքը մտահոգություն է հայտնել Վրաստանում հասարակության բևեռացման կապակցությամբ:
Հեռակա կարգով արձագանքելով Գերմանիայի արտգործնախարարին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր խորհրդարանի լիագումար նիստում ասել է, որ եթե Եվրոպան ցանկանում է վերջ դնել Վրաստանում բևեռացմանն, ապա պետք է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհի Վրաստանին:
«Դա կհանի բոլոր հարցերը, վերջ կդնի ընդդիմության ապակառուցողական և ծայրահեղական գործունեությանը: Ծայրահեղ ընդդիմությունն այլևս փաստարկներ չի ունենա»,- ասել է վարչապետը:
Գերմանիայի արտգործնախարարը հանդիպել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Վերջինս ասել է, որ եթե Եվրոպան նորից փակ պահի դռները Վրաստանի առաջ, ապա վրացիների համար դա մեծ հիասթափություն կլինի, նրանք իրենց Եվրոպայի կողմից լքված կզգան:
Այց Մոսկվայի կողմից գրավված Հարավային Օսիայի հետ սահման
Աննալենա Բերբոքն այսօր Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի քաղաքացիական հասարակության, ընդդիմության և ուսանողության ներկայացուցիչների հետ, ապա Եվրամիության դիտորդական առաքելության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել Օձիսի գյուղ:
Այդ բնակավայրը գտնվում է ռուսների կողմից գրավված Հարավային Օսիայի հետ սահմանի մոտակայքում:
Բերբոքն այնտեղ հանդիպել է Հակաօկուպացիոն շարժման ղեկավար Դավիդ Կացարավայի հետ, ով նախարարին պատմել է Հարավային Օսիայի անջատական վարչակազմի ապօրինի գործողությունների, այդ թվում՝ Ցխինվալի բանտում ապօրինաբար պահվող Վրաստանի քաղաքացիների ծանր վիճակի մասին:
Այսօր ավարտվող Աննալենա Բերբոքի այցի առանցքային դրվագը՝ հանդիպումը վարչապետ Իրակլիչ Ղարիբաշվիլիի ուշ երեկոյան ժամին է նախատեսված: