Արցախի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնում է՝ երեկ և այսօր առավոտյան, «ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ»:
Տուժողներ չեն եղել, հաղորդում է Արցախի ՆԳՆ-ն՝ հավելելով, որ գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են:
Արձագանքելով Հայաստանից Ղարաբաղ ռազմական փոխադրումների մասին Բաքվի պնդմանը, Ստեփանակերտը այն որակում է հերթական ապատեղեկատվություն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն և տեսանյութ է տարածել՝ պնդելով, թե հատուկ սարքավորումներով արձանագրել է ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող մեկ BTR-82A մարտական մեքենայի, ծածկված թափքով երեք «ԿամԱԶ» բեռնատարների ու ևս մեկ՝ հեղուկ վառելիքի ցիստեռնով «ԿամԱԶ»-ի տեղաշարժը այլընտրանքային գրունտային ճանապարհով։
Արցախի Ներքին գործերի նախարարությունն ընդգծում է, որ «այս թեզն առաջ տանելով ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը, հող նախապատրաստում իր հերթական սադրանքն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելու համար»:
«ՆԳ նախարարությունը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծելու, որ Շուշին շրջանցող անտառային ու լեռնային ճանապարհով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրականացվում է քաղաքացիական անձանց տեղաշարժ և հումանիտար բեռների փոխադրում: Հաշվի առնելով այդ ճանապարհի աշխարհագրական դիրքը՝ երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է իբրև ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ», - ասված է հաղորդագրությունում: