Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնարկում են արդեն ավանդական դարձած Ֆրանկոֆինիայի օրերը


Մարտի 20-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է, որը նշվում է 1970 թվականից ի վեր՝ նշանավորելով ֆրանսախոս երկրների միջազգային այս կազմակերպության հիմնադրումը։

2012 թվականից Հայաստանը ֆրանսախոս երկրների այս միջազգային կազմակերպության լիիրավ անդամ երկիր է, ի թիվս հինգ տասնայկից ավելի անդամ երկների, որտեղ ամեն տարի մարտի 20-ից մոտ մեկ ամիս շարունակ ավանդաբար նշվուն են ֆրանկոֆոնիային նվիրված, մշակութային տարբեր իրադարձություններով հագեցած օրերը։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիրը շատ հագեցած է և բազմաբնույթ։ «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ը ավելի քան 20 ծրագիր կներկայացնի մայրաքաղաքում և մարզերում։

Ֆրանկոֆոնիայի օրերը կմեկնարկեն այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք ֆրանսիական դասական երաժշտության համերգով՝ հայ երաժշտասեր հանրությանը ներկայացնելով ֆրանսիական դասական երաժշտության մեծագույն ներկայացուցիչների հանրահայտ ստեղծագործությունները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը «Ազատության» հետ զրույցում նշեց. - «Բնականաբար, ունենք ֆրանսիական ծրագիր՝ Բերլիոզի Ֆանտաստիկ սիմֆոնիան, Սեն Սանսի Թավջութակի կոնցերտ՝ շատ հանրահայտ չինացի թավջութակահարի՝ Ժինգ Ժաոյի հետ, և վերջում Ռավելի «Բոլերո»-ն։ Ընդհանրապես ֆրանսիական մշակույթը, ֆրանսիական երաժշտությունը, հայերի և ֆրանսիացիների կապը, ես կարծում եմ, որ ֆրանսիացիները այն միակ ժողովուրդն են, որ մեզ շատ անկեղծ լավ են վերաբերվում։ Իհարկե, հիմա Բեռլիոզին և Ռավելին չեմ համարում, որ... իրենք ֆրանսիացի են, բայց նույնպես նաև մերն են և մյուսներինը։ Քանի որ գերհանճարեղ մարդիկ ազգություն չունեն, իրենք բոլորինն են։ Բայց ամեն դեպքում, իրենք էլ չէին լինի, եթե չլիներ ֆրանսիական մշակույթը, ֆրանսիական տրադիցիաները։ Տարբեր ժամանակների կոմպոզիտորներ են երեքն էլ, և երեքն էլ հրաշալի երաժշտություն են նվիրել ամբողջ աշխարհին»։

Անդրադառնալով Հայաստանում արդեն ավանդաբար նշվող Ֆրանկոֆոնիայի օրերին՝ Թոփչյանն ասաց. - «Սա հրաշալի է։ Որովհետև Ֆրանսիան հսկայական մշակույթի երկիր է բոլոր բնագավառներում։ Նույն նկարչության, ես գտնում եմ, որ նրանց հատկապես իմպրեսիոնիստական ժամանակաշրջանի նկարչությունը ընդհանրապես հավասարը չունի արվեստի մեջ։ Եվ գրականության, երաժշտության մեջ նույնը՝ իմպրեսիոնիստական երաժշտությունը և մինչև իմպրեսիոնիստական։ Այսինքն՝ հրաշալի է, որ մենք Հայաստանում նշում ենք այսպիսի տոն։ Ճիշտն ասած, չգիտեմ ինչի չենք նշում ասենք գերմանական մշակույթի տո, չնայած մեր ֆիլհարմոնիկում հաճախ է դա լինում։ Բոլոր մեծ երկրները, որ մեծ մշակույթ ունեն, նաև մերն են։ Ես էլ վստահ եմ, որ իրենք համարում են, որ մեր Խաչատրյանը իրենցն է։ Շատ լավ տրադիցիա է, թող մի օր նշենք իտալականը, գերմանականը, հունականը... Իրենք էլ թող մերը նշեն»։

Ամեն տարի Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված ծրագիրը հանգամանալիորեն մշակվում և կազմվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից։ Դեսպանատունը շատ արդյունավետ մշակութային ծրագրեր է իրականացնում թե' Ֆրանկոֆոնիայի օրերի ընթացքում, թե' այլ մշակութային նախագծերի շնորհիվ՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի մշակութային հաստատությունների և արվեստագետների հետ։

Ինչպես նշում է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, այս տարվա Ֆրակոֆոնիայի օրերի ծրագիրը նվիրված է հենց մշակութային բազմաժանրությանը՝ ընդգրկելով կինոն, թատրոնը, ժամանակակից արվեստը, երաժշտությունը և այլն։ Արդեն իսկ մեկնարկել է ֆրանկոֆոն կինոյի 6-րդ փառատոնը։ Հայաստանի ազգային կամերային նվագախումբը մեկամսյա համերգաշար կներկայացնի ՝ նվիրված Ֆրանկոֆոնիային։ Առնո Բաբաջանյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ կներկայացվեն ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ։ Օպերայի և բալետի ազգայի ակադեմիական թատրոնը կներկայացնի Բիզեի «Կարմեն», օպերան։

Մեծ թվով մշակութային իրադարձություններով ֆրանկոֆոնիային նվիրված ծրագրում ներգրավված են նաև Հայաստանի գրեթե բոլոր մարզերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG