«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դերը բացառիկ է Հայաստանի և հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության իրողության մեջ։
Մ․թ․ա․ 782 թվականին Արին Բերդ բլրի վրա Արգիշտի Առաջինի կողմից հիմնված այս հնագույն բերդաքաղաքը մերօրյա Երևանի ծննդյան պատմական վկայականն է, որը հաստատվում է հենց Արգիշտի Առաջինի կողմից արված սեպագիր արձանագրությամբ։ Այս արձանագրության շնորհիվ Երևանը համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը՝ մեր տարածաշրջանի ուրարտագիտության կարևորագույն կենտրոններից մեկը։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը ներկայացրեց այն աշխատանքները, որ իրականացնելու են այս տարի։ Նրա խոսքից պարզ դարձավ, որ թանգարանը լուրջ ֆինանսավորում ունի պետության կողմից, ինչն էլ հնարավորություն է տալիս լայնածավալ և տարաբնույթ ծրագրեր իրականացնել. - «Այս տարի մենք ունենք տարբեր շատ կարևոր և բազմաբովանդակ ծրագրեր։ Նշեմ հերթականությամբ և ժամանակագրությամբ։ Մարտ ամսի վերջին մենք նախատեսում ենք Լուվրի մեր գործընկերների հետ համատեղ, ամենայն հավանականությամբ մարտ ամսի վերջին կլինի կամ գուցե մի քանի օրվա տարբերությամբ, որպեսզի դնենք «Էրեբունի» թանգարանի նոր ցուցադրությամբ սցենոգրաֆիայի մրցույթը։ Սա չափազանց կարևոր է»։
Սա իսկապես շատ կարևոր է, քանի որ, ինչպես շեշտեց Բադալյանը, թանգարանի ցուցադրությունը չի փոխվել գրեթե 40 տարի, և եթե 1984 թվականի համար այս ցուցադրությունը շատ լավն էր, ապա հիմա այն հնացել է, ուստի պետք ժամանակին համընթաց քայլել։ Նրա խոսքով, թանգարանային սցենոգրաֆիան Հայաստանում այդքան էլ զարգացած չէ, այդ իսկ պատճառով դեռ անցյալ տարվա ամառվանից աշխատում են աշխարհի ամենաշատ այցելություններ ունեցող, Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Լուվրի թանգարանի աշխատակիցների հետ՝ ստեղծելու «Էրեբունի» թանգարանի նոր հայեցակարգը, որն արդեն իսկ պատրաստ է. - «Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի և Լուվրի Մերձավոր Արևելքի դեպարտամենտի աջակցությամբ, «Էրեբունին» ունենալու է բոլորովին նոր ցուցադրություն։ Նախատեսվում է դեկտեմբեր ամսին փակել Էրեբունի թանգարանի ցուցադրությունը, մի փոքրիկ հատվածը բաց պահել այցելուների համար, և ապրիլ ամսին մյուս տարի մենք «Էրեբունի»-ում կունենանք ժամանակակից, հագեցած, նաև ինտերակտիվ հատվածներով հագեցած ցուցադրություն»։
Ապրիլին Միքայել Բադալյանը Լուվրի աշխատակիցների հրավերով կմեկնի Ֆրանսիա՝ առավել հանգամանորեն քննարկելու երկու թանգարանների հետագա համագործակցության հետ կապված խնդիրները։ Այդ այցի ընթացքում նախատեսված է նրա հանդիպումը նաև ֆրանսիայում գտնվող մի շարք կարևորագույն արգելոց-թանգարանների տնօրեննների հետ ՝փորձի փոխանակման հրաշալի հեռանկարով։
«Էրեբունի» հնագիտական արգելոց-թանգարանը, բնականաբար, չի սահմանափակվում Լուվրի հետ համագործակցությամբ։ Ինչպես շեշտեց թանգարանի տնօրենը, արդեն իսկ բավական սերտ կապեր են հաստատել նաև մի շարք այլ հանրահայտ թանգարանների՝ Բրիտանական թանգարանի, Էրմիտաժի, Պուշկինի անվան թանգարանի, ինչպես նաև Իտալիայում և այլ երկրներում գտնվող թանգարանների հետ։
Նախատեսվում է ակտիվացնել այս թանգարանների հետ համագործակցությունը։ Օրինակ, արդեն պատրաստ է Էրմիտաժի և «Էրեբունի» թանգարանի համագործակցության պայմանագիրը, որով նախատեսվում է Էրմիտաժի անկյուն բացել «Էրեբունի» թանգարանում, որտեղ կներկայացվի մի կարևոր իր Էրմիտաժից։ Միքայել Բադալյանն ասաց, որ սա շատ կարևոր ձեռքբերում է։ Միաժամանակ Էրմիտաժում ժամանակավոր ցուցադրության կներկայացվեն ցուցանմուշներ Էրեբունի թանգարանից։ Էրմիտաժը կօգնի նաև Հայաստանից վերականգնող մասնագետների վերապատրաստմանը։
Դե իսկ Բրիտանական թանգարանն էլ աջակցելու է ուրարտագետների նոր սերունդ պատրաստելուն, ինչը, Բադալյանի խոսքով, չափազանց կարևոր և հրատապ է այսօր։ Բրիտանացի մասնագետները ուրարտագիտության անվճար դասընթացներ են վարելու։ Բացի դրանից, մայիս ամսին Բրիտանական թանգարանում բացվելու է ցուցադրություն, որտեղ կներկայացվեն շքեղագույն իրեր աքամենյան ժամանակաշրջանից մինչև հելլենիստական ժամանակաշրջանը։ Այս ցուցադրության մեջ նախատեսված է ներկայացնել նաև հնագույն իրեր Հայաստանի Պատմության և «Էրեբունի» թանգարաններից։ Մասնավորապես կցուցադրվի հեծյալով արծաթե ռիտոնը՝ եղջերագավաթը։ Ապրիլի 1-ին մեկնելու են Միացյալ Թագավորություն, որտեղ «Էրեբունու» տնօրենը կհանդիպի Բրիտանական թանգարանի իր պաշտոնակցի հետ։
Իսկ Երևանում նախատեսվում է շարունակել պեղումները տարբեր երկրների համատեղ հնագիտական խմբերով թե' Էրեբունի ամրոցի, թե' Կարմիր Բլրի տեղանքում, որը, Բադալյանի խոսքով, մեծ շերտեր է ամեն տարի բացում հետուրարտական պատմության ուսումնասիրությունների համար։
Ի պատասխան «Ազատության» հարցին, թե որոնք են եղել վերջին տարիների կարևոր գտածոները այս տարածքից, կամ արդյո՞ք հայտնաբերվել են նոր սեպագիր արձանագրություններ, Միքայել Բադալյանն ասաց, որ իր երազանքն է, որ գտվի նոր սեպագիր արձանագրություն։