Մատչելիության հղումներ

Լոնդոնը կոչ է անում Մոսկվային դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից


Լոնդոնը Ռուսաստանին կոչ է անում դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից։ Այս մասին Թբիլիսիում հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Ջեյմս Քլևերլին։

«Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա, միջազգային իրավունքի ամբողջական անտեսումը ձեզ համար զարմանալի չէ։ 2008 թվականին Վրաստանում Ռուսաստանի ագրեսիան, որը հանգեցրեց Հարավային Օսիայի և Աբխազիայի բռնակցմանը, ընտանիքներ է կազմաքանդում և վրացիներին զրկում իրենց սուրբ կրոնական վայրերից, ինչպես նաև իրենց նախնիների հողերը այցելելու հնարավորությունից», - Վրաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է բրիտանացի պաշտոնյան։

Բրիտանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը Թբիլիսիում է երկօրյա այցով, նա հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Քլևերլիի այցի նախաշեմին Միացյալ Թագավորության կառավարությունը հայտնել է, որ մտադիր է մեծացնել Վրաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալները։

XS
SM
MD
LG