Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը, որը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Հայաստանի կոմպոզիտորների միությունը։
Տարիներ առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ի թիվս այլ փառատոների, հիմնադրեց նաև Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որը կբացվի այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում։
Փառատոնի առաջին համերգի ծրագրում տեղ են գտել Հարություն Դելալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը, Ժիրայր Շահրիմանյանի թիվ 1 սիմֆոնիան ՝ նվիրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, և Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն դաշնամուրի և նվագախմբի համար։ Համերգը կղեկավարի հրավիրյալ դիրիժոր Ռեմի Դյուրուն, իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը։
Վերջին տարիներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փառատոնը կազմակերպում է Հայասատանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Նրանց միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել, որի շնորհիվ է'լ ավելի է սերտացել երկու հաստատությունների համագործակցությունը։
Փառատոնի բացումից առաջ «Ազատության» հետ զրույցում Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը շեշտեց. - «Մենք ստորագրեցինք հուշագիր Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ, Սերգեյ Սմբատյանի ղեկավարած նվագախմբի հետ։ Դրանից հետո ամեն ինչ մի քիչ այլ կերպ եղավ։ Անցյալ տարի, օրինակ, տասնհինգ պրեմիերա եղավ»։
Սաթյանի համոզմամբ, իրենց համագործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվգախմբի հետ շատ արդյունավետ է, նվագախումբն էլ հրաշալի գործ է անում՝ աշխարհով մեկ տարածելով հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները. - «Հնչում է հայ երաժշտություն։ Եթե հայ երաժշտությունը մեր մոտ չկատարվի, ո՞նց կարող ա դրսում կատարվի։ Շատ կարևորում եմ այս փառատոնը, կարծում եմ, որ դա խթան կհանդիսանա կոմպոզիտորների համար, որ գրեն սիմֆոնիկ նվագախմբի համար»։
«Ազատություն». - Է՞լ ինչը կարող է խթան հանդիսանալ մեր կոմպոզիտորների ստեղծագործական աշխատանքը ակտիվացնելու համար։
Սաթյան. - Մրցույթներ, փառատոներ, բոլորը խթանում են, որ ստեղծվեն նոր ստեղծագործություններ։ Կոմպոզիտորների միությունը իր կողմից որոշակի վերաբերմունք է ցույց տալիս։ Տեսեք, փառատոնի շրջանակում կատարվում է, բայց հեղինակները փող չեն ստանում, կատարողներն են ստանում։ Մենք հիմա մեր փառատոնի շրջանակներում թեկուզ փոքր, բայց փորձում ենք հոնորարային համակարգի նման ինչ-որ մի բան վճարել կոմպոզիտորին։ Որովհետև երբ որ մարդ զգում է, որ ոչ միայն հոգեպես է ինքը բավարարվում, մանավանդ գիտեք ինչպիսի վիճակում են շատերը գտնվում, դա հնարավորություն է տալիս, որ ինքը ավելի շատ աշխատի, ավելի շատ նորամուծություններ անի։ Եվ այն, ինչ որ այսօր անում է Կոմպոզիտորների միությունը, երևի առաջին անգամ է, որ մեր կոմպոզիտորները վարձատրվում են»։
«Ազատություն». - Այսինքն՝ այդպիսի բան չի եղել։
Սաթյան. - Չի եղել։ Հոնորարային համակարգ կար մինչև... վերջին հինգ տարին չկա։ Կոմպոզիտորը ստանում էր որոշակի գումար իր գրած ստեղծագործությունների համար, հեղինակային իրավունքը պաշտպանվում էր։ ՀԻմա կարելի է կատարել հեղինակին, և հեղինակային իրավունքը չպաշտպանել։ Թվում է թե երիտասարդ է, ինքը շահագրգռված է, և այսօր շատ անգամ կոմպոզիցիայի բաժնում մարդ չի սովորում... Կոմպոզիտորը ի՞նչ ա ստանում որ։ Ուրիշ մասնագիտություն են ընտրում։ Ավարտել են կոմպոզիտորականը, ուրիշ մասնագիտություն են ընտրել, մարդ գիտեմ, որ բժիշկ է դարձել... Որովհետև գումար ա ստանում, իսկ կոմպոզիտորը՝ ոչ մի բան։ Այնպես որ, պետք է խրախուսել յուրաքանչյուր ստեղծագործողին, որ ստեղծվեն նոր գործեր։ Հայ ժողովուրդը իր մշակույթով միշտ առաջադեմ տեղ ուներ ողջ աշխարհում։ Այսօր եթե մենք կարողանանք նորից այնպես անել, որ ստեղծագործողը ստեղծագործի՝ չմտածելով ուրիշ բաների մասին, կլինի քվանտային փոփոխություն»։