Մատչելիության հղումներ

Փաշինյանը կտրականապես հերքում է կառավարության կողմից լրտեսական ծրագիր օգտագործելու մասին տեղեկությունը


Հայաստանի իշխանությունները լրագրողներին, այլախոհներին և իրավապաշտպաններին թիրախավորելու համար ենթադրաբար օգտագործել են հյուսիսմակեդոնական լրտեսական ծրագիր, գրում է Freedom House միջազգային հեղինակավոր կառույցը՝ հղում անելով հայտնի ընկերությունների ուսումնասիրությունները։

Այս մասին Freedom House-ը գրել է «Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցում, որի համաձայն Հայաստանը հետընթաց է գրանցել. - «2021-ի վերջին Meta-ն ու Citizen Lab-ն իրենց զեկույցներում պնդել են, որ Հայաստանի իշխանությունները վճարել են Predator ծրագիրն օգտագործելու համար, որը ստեղծել է Հյուսիսմակեդոնական Cytrox ընկերությունը։ Այդ ծրագիրը մի շարք երկներում, այդ թվում Հայաստանում օգտագործվել է թիրախավորելու լրագրողներին, այլախոհներին և իրավապաշտպաններին։ 2022-ի մայիսին, Google’s Threat Analysis Group-ը նույնպես Հայաստանում թիրախավորումները կապել է Cytrox-ի ծրագրի օգտագործման հետ՝ պնդելով, որ դրա պատասխանատուն «կառավարության աջակցությամբ գործող խաղացողներն» են։ Տեղական լրատվամիջոցները հաղորդել էն, որ մի շարք քաղաքական այլախոհների սարքերը հաքերային հարձակման են ենթարկվել»։

Freedom House-ի ազատության վարկանիշային աղյուսակում Հայաստանը 55-րդ հորիզոնականից 2022-ին հայտնվել է 54-րդ տեղում՝ կրկին դասվելով մասամբ ազատ երկրների շարքում։ Ուշագրավ է, որ ժողովրդավարության ջատագով միջազգային կազմակերպությունը լրտեսության հնարավոր դեպքերը ներառել է Հայաստանին առնչվող հիմնական զարգացումների մեջ, մյուսը՝ սեպտեմբերին ադրբեջանական զինուժի ներխուժումն է Հայաստանի տարածք, որի հետևանքով զոհվել է շուրջ 200 զինվոր, 3 խաղաղ բնակիչ, ավելի քան 293 զինվորական է վիրավորվել, 2 տասնյակը գերի ընկել։

«Էդ էնքան անհեթեթ տեղեկություն ա». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության կողմից լրտեսական ծրագիր օգտագործելու մասին տեղեկությունը կտրուկ հերքում է։ Ավելին՝ պնդում է, թե ինքն ու իր ընտանիքի անդամներն էլ են ստացել զգուշացնող հաղորդագրություններ։ Առանց մանրամասնելու՝ ո՞ւմ կողմից և ե՞րբ։

«Ես հիշում եմ, որ տենց մի շրջան կար ընդդիմադիրները sms-ներ էին հրապարակում՝ ասելով, որ իշխժանությունը մեր դեմ ինչ-որ ծրագիր է օգտագործում։ Ես ուղղակի հարկ չհամարեցի, որ իմ և իմ ընտանիքի անդամների հեռախոսների սքրինշոթերը հրապարակեն, որ նույն այդ sms-ներից ստացել ենք նաև մենք», - նշեց վարչապետը։

Դեռ 2021-ին տեղեկատվական անվտանգության ոլորտի հայաստանյան մասնագետները հայտարարել էին, որ մեկ այլ հայտնի՝ իսրայելական Pegasus լրտեսական ծրագրի թիրախում են հայտնվել ընդդիմության ու իշխանության առանցքային դեմքեր։ Այն ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էր հայտնել, թե ինքը ևս այդ ծրագրի թիրախում է։ Պնդել էր, թե հայաստանյան իշխանությունները փորձել են գաղտնալսել իրեն ու իր ընտանիքի անդամներին։ Նույն այդ ժամանակ նաև նախագահ Վահագն Խաչատուրյանն է հաստատել, որ Apple-ից ինքը ևս նման նամակ է ստացել, նա 2021-ին զբաղեցնում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։

Ողջամիտ կասկած կա, որ հենց հայաստանյան իշխանություններն են կանգնած լրտեսումների հետևում. փորձագետ

«Եթե Հայաստանի տարածքում գործում է ինչ-որ կիբերզենքի ենթակառուցվածք, շատ քիչ է հավանականությունը, որ Հայաստանի իշխանությունները այդ մասին տեղյակ չլինեին», - «Ազատության» հետ զրույցում ասաց , CyberHUB-AM-ի համահինադիր Արթուր Պապյանը։

Նա հավելեց, թե ողջամիտ կասկած կա, որ հենց հայաստանյան իշխանություններն են կանգնած լրտեսումների հետևում։ Այդուհանդերձ, մեդիա փորձագետը դեռ վաղ է համարում նման հաստատում անելը. - «CyberHUB-ն ունի սպառնալիքների լաբորատորիա, էնտեղ բազամթիվ սարքեր, ենթակառուցվածքներ ենք ուսումնասիրել։ Ողջամիտ կասկած իհարկե կա, և դա կարող է նշանակել, որ իշխանությունները չեն բավարարվում ԱԱԾ-ի կամ իրավապահ մարմինների սովորական քայլերով և փորձում են ավելի խորը ուսումնասիրել»։

CyberHUB-ը միջազգային գործընկերների հետ լայնածավալ հետազոտություններ է անում։ Արթուր Պապյանը միևնույն ժամանակ նշում է, որ իրենք հայտնաբերել են լրտեսական ծրագրերով բազմաթիվ վարակումների դեպքեր թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչների, լրագրողների ու իրավապաշտպանների շրջանում. - «Կան հիմքեր մտածելու, որ կարող էին այլ երկների լրտեսական ծառայությունները դրանով զբաղվել, բայց չի կարելի բացառել, որ նույն հարձակմանը նաև Հայաստանի իշխանություններն են դիմել ընդդիմախոսների, ընդդիմադիրների դեմ։ Քանի որ հետազոտությունը ընթացքի մեջ է, մենք չենք կարող ոչ մի բան միանշանակ ասել»։

Պապյանը շեշտում է՝ սովորաբար նման լրտեսական ծրագրեր վաճառվում են պետություններին, և նման լրտեսումների հետևում հասարակ հաքերներ չեն լինում։ Մեդիա փորձագետը մտահոգիչ է համարում լրտեսական ծրագրերի ենթակառուցվածքների հայտնաբերումը Հայաստանում. - «Կարծում եմ, պետությունը պետք է զբաղվի իր քաղաքացիներին պաշտպանելով, և եթե օրինակ պարզվի, որ իսկապես Հայաստանի իշխանություններն են նման բան արել, դա մտահոգիչ է, և դրանով Հայաստանը հայտնվում է ռեպրեսիվ այլ պետությունների շարքում»։

Pegasus-ի մասին ԱԱԾ-ի նախկին տնօրենի հայտարարությունից ամիսներ անց ԱԱԾ-ից «Ազատությանը» հայտնել էին որ թե քննություն չեն իրականացրել։ Միաժամանակ պնդել էին, թե հետևողական աշխատանք են իրականացնում Հայաստանի քաղաքացիներին կիբեռհարձակումներից պաշտպանելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG