Մատչելիության հղումներ

«Ես շատ հստակ ուղերձ եմ հղում Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ այսօր անհապաղ դադարեցնել շրջափակումը». Ռասմուսեն


Երկօրյա այցով Հայաստան ժամանած «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր այցելել է Ջերմուկ քաղաք: նա այնտեղ էր՝ ծանոթանալու, թե ինչ վնասներ է պատճառել Ադրբեջանը սեպտեմբերյան մարտերի ժամանակ:

Անցած տարվա ներխուժումից հետո ադրբեջանական զորքերը, ըստ պաշտոնական աղբյուրների, 4.5 կմ հեռավորության վրա են Ջերմուկից։

Լրագրողների հետ ճեպազրույցում Ռասմուսենը հպանցիկ անդրադարձավ այդ թեմային՝ նշելով, որ Ջերմուկի քաղաքապետը ներկայացրել է, որ այստեղ տուժել է տուրիզմը, վնաս է հասցվել առողջարաններին:

Այսօր ավելի վաղ նա եղել է Լաչինի միջանցքում: Անդրադառնալով այս թեմային՝ Ռասմուսենը շեշտեց. «Եվրոպան չպետք է փակի աչքերն այն ամենի շուրջ, ինչ կատարվում է այսօր Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, Լաչինի միջանցքում»:

«Ես այստեղ եմ Հայաստանի կառավարության հրավերով՝ փորձելով ամրապնդելու Հայաստանի և Եվրամիության ու ընդհանրապես Արևմուտքի միջև կապերը: Այսօր ես եղել եմ Հայաստանի հարավային հատվածում՝ սեփական աչքերով դիտելու Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները», - ասաց նա՝ շարունակելով, - «այսօր ավելի վաղ այցելեցի Լաչինի միջանցք, այս շրջափակումն անմարդկային է և անօրինական: Արդարադատության միջազգային դատարանը մի քանի շաբաթ առաջ վճիռ է կայացրել, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը տրանսպորտի համար ու ազատ մուտք տալ դեպի Լեռնային Ղարաբաղ: Դա կատարման համար պարտադիր վճիռ է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը՝ ազատ մուտք ապահովելու համար, այդ իսկ պատճառով ես այսօր շատ հստակ ուղերձ եմ հղում Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ այսօր անհապաղ դադարեցնել շրջափակումը»:

Երեկ Ռասմուսենը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Լրագրողների հետ զրուցում «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահը մի քանի փակագծեր բացեց, թե մասնավորապես համագործակցության ինչ ֆորմատ կարող է ձևավորվել Հայաստանի կառավարության և իր կազմակերպության միջև: Այսօր այդ կազմակերպությունը աշխատում է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի հետ:

«Մեր նպատակն է սերտ համագործակցություն ունենալ Հայաստանի կառավարության հետ, դա լայն շրջանակ և խնդիրներ ընդգրկող համագործակցություն է: Ակնհայտ է, որ մենք խոսում ենք Եվրամիության քաղաքական աջակցության մասին: Կարծում եմ, որ առաջին հերթին այստեղ և հիմա կարևոր է, որ մենք բարձրացնենք տեղեկացվածությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ռիսկ կա, իսկ միջազգային հանրությունը պետք է առավելագույն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա իրավիճակը կարգավորելու համար: Մենք կցանկանայինք նաև օգնել Հայաստանի կառավարությանը բարձրացնելու Եվրամիության հետ քաղաքական երկխոսության մակարդակը և դա ներառում է նաև երկխոսություն անվտանգության քաղաքականության վերաբերյալ: Եվրամիությունն ունի գործիքների լայն շրջանակ, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի համար և ես կարծում եմ, որ Հայաստանին անհրաժեշտ է միջազգային գործընկերների շատ ավելի լայն շրջանակ, քան ունի այսօր», - ասաց Ռասմուսենը:

Հարցին՝ «ռազմաքաղաքական աջակցության ակնկալիք Հայաստանը հայտնե՞լ է», նա պատասխանեց. - «Ընդհանուր առմամբ, այո, սակայն մենք ռազմական աջակցության վերաբերյալ մանրամասներ չենք քննարկել»:

XS
SM
MD
LG