Մատչելիության հղումներ

Հայկական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանն ու Պուտինը զրուցել են հեռախոսով


«Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ «Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը և դրա հետևանքներին»:

Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում, ըստ հաղորդագրության, վարչապետը կարևորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը:

Ըստ Կրեմլի՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինն ընդգծել է ծագող բոլոր հարցերը կառուցողական կերպով՝ ռուսաստանցի խաղաղապահների հետ սերտ գործակցությամբ լուծելու անհրաժեշտությունը։

«Քննարկվել են 2020-22 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններում տեղ գտած համալիր պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտները, այդ թվում` հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական տրանսպորտային կապերի վերականգնման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստման հարցերը», - նշված է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։

XS
SM
MD
LG